ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Օսմանյան շրջանում այստեղ 2.5 մլն հայ էր ապրում, այժմ՝ 40-60 հազար

Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Օսմանյան շրջանում այստեղ 2.5 մլն հայ էր ապրում, այժմ՝ 40-60 հազար
23.12.2019 | 23:57

Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հյուրընկալվել է թուրքական «A Haber» լրատվականին: Պատրիարքը խոսել է ԱՄՆ-ի Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Հայ-թուրքական հարաբերությունների անցյալի ու ներկայի առումով նա կրկին ակնարկել է 2 երկրների միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին:


Անդրադառնալով ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած դեպքերին՝ Մաշալյանն ասել է. «Մեր անհատական զարգացման մեջ 1915-ի դեպքերը գենետիկայով են փոխանցվում, վիշտը վերապրած ընտանիք չկա: Օսմանյան շրջանում 2-2.5 միլիոնանոց հայ ժողովուրդ կար: Այս պահին Թուրքիայում 40-60 հազար հայ է ապրում: Վերջին 100 տարվա ընթացքում այս հողերի վրա ապրող հայերի թվի կտրուկ նվազում է տեղի ունեցել»: Մաշալյանի խոսքով, սակայն, ոչ միշտ է 2 ժողովուրդների ընդհանուր պատմությունը լի եղել խնդիրներով:
Հայկական և թուրքական մշակույթները շատ մոտ են իրար: Թուրքական արվեստի ու երաժշտության մեջ ավանդ ունեն հայ երաժիշտները: Հայերը իրենց բաժինն ունեն այս մշակույթի ու քաղաքակրթության ստեղծման մեջ, այդ պատճառով հայերը այստեղ տանն են:
Պատրիարքը տեսակետ է հայտնել, որ Հայաստանում գուցե վիճակն ավելի լավ է՝ մատնանշելով երկու պատճառ. «Առաջինն այն է, որ Հայաստանը Օսմանյան կայսրության մաս չի եղել: Հայաստանի անկախացումից հետո 30 տարվա ընթացքում աշխատանք փնտրելու, զբոսաշրջության նպատակով 100 հազարավոր հայեր են այնտեղից Թուրքիա եկել ու գնացել: Նրանց լավ են դիմավորել այստեղ, նրանք լավ տպավորություններով են վերադարձել: Ի վերջո, Հայաստանը առանձին երկիր է, այդ պատճառով էլ ցեղասպանության հարցը նրանց օրակարգի 1-ին, 2-րդ հորիզոնականում չէ», նշել է պատրիարքը:


ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այսպիսի իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության բացակայության պատճառով:
«Եթե 2 երկրները չկարողանան նստել ու խոսել այս թեմաների շուրջ, ապա դրանք օրակարգ են բերելու Թուրքիայի հետ քաղաքական, տնտեսական կամ ռազմավարական խնդիրներ ունեցող 3-րդ կամ 4-րդ երկրները»,- շեշտել է պատրիարքը՝ ավելացնելով, որ ինքն անձնապես վիրավորվում է, որ վիշտ ապրած մարդկանց հիշողություններն օգտագործվում են որպես գործիք օրվա քաղաքականության մեջ: Սահակ սրբազանը հիշեցրել է, որ տարիներ շարունակ բոլորը լսում են այսպիսի արտահայտություններ՝ «Կոնգրես է բերվել, արդյո՞ք կընդունվի», «ինչու՞ հանվեց օրակարգից», «ինչու՞ է բերվել Կոնգրես»:


«Դրանք միշտ լսել ենք: Ինչպիսի՞ սակարկություններ են արվում, արդյո՞ք այդ ամենից հայերն ու թուրքերը շահում են: Հարաբերությունները կարգավորվու՞մ են, թե՞ ռմբահարվում են փխրուն կամուրջները»,- թեման եզրափակել է Մաշալյանը:
Նա նաև նշել է նաև, որ հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում փոքրամասնությունների համար ամենաբարենպաստ շրջանն Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կառավարման ժամանակահատվածն է: «Պետությունը երկխոսեց մեզ հետ, կա մի կառավարություն, որը հետաքրքրվում է մեր խնդիրներով: Դա գոհացնում է մեզ»,- նշել է Պոլսի հայոց նորընտիր պատրիարքը:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ