The Washington Post-ը ներկայացրել է իր վարկածով՝ 2019-ի ամենաթերագնահատված 5 քաղաքական իրադարձությունները: 3-րդ կետում, որը վերաբերում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ մարդու իրավունքներին, հոդվածագիր Ահարոն Բլեյքը հիշատակել է Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: «Եվ վերջապես եկավ Հայոց ցեղասպանության հարցը: Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի դաշնակից քրդերի վրա հարձակումներից և Ռուսաստանի հետ մերձեցումից հետո, Սենատն առաջին անգամ ցանկություն հայտնեց հարյուրամյակ առաջ տեղի ունեցածը բնորոշել «ցեղասպանություն»: Դա տեղի ունեցավ տասնամյակներ շարունակվող մերժումից հետո, երբ Սպիտակ տունը շարունակաբար ձգձգում էր այս հարցը՝ ամենայն հավանականությամբ Դոնալդ Թրամփի ցանկության պատճառով՝ պահպանել լավ հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Եվ հիմա էլ նախագահական աշխատակազմը նշում է, որ Սենատի բանաձևը չի արտահայտում իրենց դիրքորոշումը:
Թրամփն առաջին նախագահը չէ, որ դա ցեղասպանություն չի անվանում, նա ընդամենը վերջինն է այդ երկար ցուցակում: Բարաք Օբաման 2008-ի նախագահական քարոզարշավի ժամանակ ասել էր, որ ինքը դա կանվանի ցեղասպանություն, բայց երբեք էլ այդպես չվարվեց որպես նախագահ»,- նշում է հոդվածագիրը:
Մարդու իրավունքներին վերաբերող կետից բացի՝ 5 ամենաթերագնահատված քաղաքական իրադարձությունների շարքում նշվել են նաև ԱՄՆ դատական համակարգի վերափոխումը, Վիրջինիա նահանգի նահանգային ներկայացուցիչների սկանդալները, մի քանի երկկուսակցական բանաձևերի ընդունումը և փախստականների հարցում ԱՄՆ վարած քաղաքականությունը: