Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանից պահանջել է դադարեցնել գազի գնի հարցում առևտուրը և սկսել օգնել երկրին: Նա գտնում է, որ
Ռուսաստանը պետք է օգնի Բելառուսին, քանի որ Բելառուսը դարձել է Չեռնոբիլի աղետի զոհ: Մոսկվան էլ, լինելով ԽՍՀՄ իրավահաջորդը, պետք է Մինսկին փոխհատուցի ողբերգության համար: Նրա խոսքով՝ Չեռնոբիլի ատոմակայանը Բելառուսը չի կառուցել, չի շահագործել և չի պայթեցրել: «Իսկ ցավի 80%-ը մեզ վրա ընկավ, մի քիչ՝ Բրյանսկի շրջանի վրա, մի քիչ էլ՝ Ուկրաինայի»,-հայտարարել է Բելառուսի նախագահը: Նա նշել է, որ իր երկիրը դեռ չի հաղթահարել ողբերգության հետևանքները, և այդ շրջանում ապրող մարդիկ մինչև հիմա չեն կարողանում վառարանում փայտ վառել՝ ճառագայթման պատճառով: «ԽՍՀՄ-ը փլուզվել է, ո՞վ պետք է օգնի: Եվ դուք հիմա 10 դոլարի համար գազի գնի սակարկությո՞ւն եք անում»,- հայտարարել է Լուկաշենկոն: