Իշխանությունը չունի արժեքային համակարգ և չունենալով արժեքային համակարգ, չունի նաև գաղափարախոսություն. իշխանություն, որը չունի արժեքային համակարգ և գաղափարախոսություն, ամենավտանգավորն է՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ 2019-ը աչքի ընկավ իրողություններով, որոնք կարելի է բնութագրել նոր մարտահրավերների, սպառնալիքների նոր մակարդակի տարի, սա քննարկվել է նաև ՀՅԴ ԳՄ-ում և գնահատվել է որպես 7 ռիսկերի խորացման տարի: «Այդ 7 ռիսկերն են՝ արտաքին քաղաքականությունում արձանագրված ձախողումներ, մեր անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայոց բանակի նկատմամբ թիրախային հարվածներ, ԼՂ հակամարտության խնդրի կարգավորման շրջանակներում արձանագրված ձախողումները և պատերազմի սպառնալիք, իրավական պետությանը ոչ բնորոշ երևույթներ։ Մյուս մարտահրավերը վերաբերում է մեր երկրում այսպես կոչված պետական ինստիտուտների, պետական կառավարման համակարգի ձախողմանը, մարտահրավեր վերաբերում է սոցիալ-տնտեսական կյանքին, և վերջինը՝ այն հասարակական մթնոլորտը, որ ստեղծվել է մեր երկրում, և որը նպատակաուղղված է ոչ միայն հանրային, բարոյական արժեքները ոչնչացնելուն, այլ նաև ազգային պատկերացումները, ազգային իղձերը ոտնատակ տալուն»,- ասաց նա: Արծվիկ Մինասյանը նշեց, որ մեր պետականությունների պատմությունը փաստել է, որ մենք ունենք արժեքներ, որոնք երբևէ և որևէ անգամ կասկածի տակ չեն դրվել, և դրանք է, որ նպաստել են մեր միասնականությանը և երբ այսօր ունենք պետականություն նաև նպաստել է այդ պետականության ձևավորմանն ու ամրապնդմանը: Նա նկատեց, որ այսօր մասշտաբային հարձակումը, որ կազմակերպվում է այս հենասյունների նկատմամբ, ենթադրել է տալիս մեզ, որ այս գործողությունները մտածված կամ անգիտակից կերպով տանում են պետականության կորստի: «Օրինակ՝ հայրենասիրությունը, որը կարևորագույն արժեք է և պետք է դաստիարակվի յուրաքանչյուր մարդու, քաղաքացու, հայի մեջ, այսօր ծաղրի առարկա է դարձել: Այսօր բանակում, ռազմական դաշտում զոհվածը, հայրենիքի պաշտպանը գնահատվում է որպես անիմաստ զոհ, այսօր ոտնահարվում է այն արժեքային համակարգը: Այսօր պատահական չեն նաև եկեղեցու սպասավորի նկատմամբ վարչապետի ծնկի բերելու հոխորտանքը և դրան զուգահեռ նաև եկեղեցու նկատմամբ հարձակումները, սա եկեղեցու՝ իբրև ինստիտուտի ոչնչացնելու գործողություններ են»,- ասաց նա: Արծվիկ Մինասյանի գնահատականով՝ «նոր Հայաստան» բառակապակցությունը, որ նետվեց օրակարգ և որ ակնհայտորեն հայկական ծագում չունի, նպատակը մեկն է՝ ոչնչացնել այս ինստիտուտները, պատահական չէ, որ դրան հաջորդեց երկրորդը՝ «նոր Հայաստան, նոր հայրապետ շարժում», «նոր Հայաստան նոր հարաբերություններ մոտեցում» և այլ կարգախոսների օրակարգ նետելը: Նա նաև նշեց, որ մասսայաբար ոչնչացվում են ընտանեկան արժեքներն ու հարգանքի ինստիտուտը: «Այս ամենը գալիս է փաստելու՝ այսօր իշխանությունը չունի արժեքային համակարգ և պատահական չէ, որ չունենալով արժեքային համակարգ չունի նաև գաղափարախոսություն: Իշխանություն, որը չունի արժեքային համակարգ և գաղափարախոսություն, ամենավտանգավորն է, որովհետև նրա առջև որևէ սահամանափակում, սահման չկա, որ սա կարմիր գիծն է և այստեղից անցնել հնարավոր չէ»,– ասաց նա:
«Պատահական չէ, որ այսօր նույնիսկ Եվրոպական խորհրդարանում իշխող քաղաքական ուժը որևէ քաղաքական միավորման մաս չի կազմում, որովհետև ի վերջո այնտեղ կան գաղափարախոսության դասականորեն ընդունված մոտեցումներ, սոցիալիստներ, լիբերալներ, ցենտրիստենր, տարբեր ուղղություններով, բայց այսօրվա քաղաքական թիմը չի կարողանում ոչ մեկին համապատասխանել, սա խորքային խնդիր է, որը բերում է մի նոր մարտահրավերի»,- ասաց նա: