«Այսօր Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում»՝ ԱԳՆ մամուլի խոսնակի Աննա Նաղդալյանը հայտարարություն է արել Ագուլիսի հայկական ջարդերի 100-ամյակի առիթով։
«Այսօր մենք հիշատակում ենք Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցը: Մեկ դար առաջ՝ 1919-ի դեկտեմբերի 24-25-ը խաղաղ հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային կոտորածի, իսկ Նախիջևանի այս հինավուրց հայկական բնակավայրը վերածվեց ավերակի», - ասել է Նաղդալյանը: Նա նշել է՝ արժանահիշատակ է, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, ի պատասխան այս ջարդերին, դիմել էր միջազգային հանրությանը և Անտանտի երկրներին՝ իր տարածքում իրականացվող բռնությունները կանխարգելելու և տարածաշրջանի հայերի անվտանգությունն ապահովելու կոչով: «Դժբախտաբար Նախիջևանի հայերի դեմ գործած հանցանքները չսահմանափակվեցին միայն 20-րդ դարի պատմությամբ, այլև նոր դրսևորում ստացան մեր օրերում, երբ ադրբեջանական իշխանությունները, վերջնականապես հայաթափելով Նախիջևանը, իրականացրին նաև հայկական մշակութային ժառանգության համակարգված և զանգվածային ոչնչացումը: Ամբողջովին ավերվեցին հազարավոր քրիստոնեական հուշարձաններ՝ այդ թվում եկեղեցիներ, վանքեր և խաչքարեր՝ Ջուղայում, Ագուլիսում և այլուր: Ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից միջնադարյան քրիստոնեական արվեստի գլուխգործողներ համարվող Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը, որը փաստագրված է տեսաձայնագրությամբ, կմնա համաշխարհային պատմության մեջ որպես մշակութային վայրագությունների անգերազանցելի դրսևորում», - ասել է Աննա Նաղդալյանը: