ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին բարձրաստիճան ղեկավարների հետ նոյեմբերին հանդիպման ընթացքում ասել է, որ այլևս չի կարելի հանդուրժել շաբաթներ տևող և զանգվածային անկարգություններով ուղեկցվող բողոքի ակցիաները:
Նա պահանջել է, ինչպես Իրանի վերնախավին մոտ գտնվող մի անանուն աղբյուր է փոխանցում, «այդ ընդվզումների վերջը տալ ցանկացած գնով», և սպառնացել է, որ իշխանավորներն անձնական պատասխանատվություն կկրեն, եթե բողոքի ակցիաները շարունակվեն: Reuters-ի փոխանցմամբ՝ Խամենեին ցույցերին վերջ տալու կոշտ պահանջը հնչեցրել է նոյեմբերի 17-ին իր նստավայրում ընդունելով նախագահ Հասան Ռոհանիին, կառավարության անդամներին և բարձրաստիճան ևս մի քանի պաշտոնյաների:
Այդ տեղեկատվությունը միայն երեկ է հասանելի դարձել: Reuters-ի փոխանցմամբ, այաթոլայի և նեղ շրջապատի նոյեմբերյան հանդիպման մասին պատմել է ժողովի մասնակիցների հետ առնչություն ունեցող մի անանուն աղբյուր: Խամենեին շատ զայրացած և բարձր տոնով է խոսել Իրանի ղեկավարների հետ և խստորեն քննադատել է նրանց, որ բողոքի զանգվածային ակցիաները շարունակվում են, իսկ իշխանությունը չի գտնում զսպելու արդյունավետ միջոցներ: «Իսլամական Հանրապետությունը վտանգի մեջ է, արեք այն, ինչ անհրաժեշտ է ընդվզումը դադարեցնելու համար, դիմեք ցանկացած միջոցի, համարեք, որ սա իմ հրամանն է»՝ ասել է այաթոլա Ալի Խամենեին: