«Ժողովուրդը» գրում է, որ երեկ ՔՊ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Նախարարի հետ հանդիպումը նախաձեռնել են պատգամավորները, որ անձամբ են խնդրել հանդիպել նախարարին: Նրանք նախարարին խնդրել են ներկայացնել մեր անվտանգության երաշխիքները, քանի որ վերջերս լարվածություն է նկատվել հայ-ադրբեջանական սահմանին: Տոնոյանը ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է եղել այս ընթացքում, և մեր անվտանգության երաշխիքները՝ իրականում որևէ նորություն կամ գաղտնիք չհրապարակելով: Տոնոյանը մանրամասներ է ներկայացրել պատգամավորների հետ հանդիպմանը և ասել, որ ձեռքբերումների առումով դրական տարի է եղել, նոր տեխնիկա է ձեռք բերվել, ռազմամթերք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ գրեթե բոլոր ՔՊ-ականները հարցեր են ուղղել նախարարին: