ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին այսօր՝ իրենց աջակիցների հավաքի ժամանակ, ընթերցեց Քոչարյանի ուղերձը. «Հարգելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ և այսօրվա միջոցառումը: Ուզում եմ նախևառաջ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ ձեր հստակ դիրքորոշման, քաջության ու պարզ բառով ասած՝ տղամարդկության համար: Շնորհակալ եմ ձեզ։ Դուք ու ձեզ նման մարդիկ են, որ կերտել են Հայաստանի ու Արցախի նորագույն ու հերոսական պատմությունն՝ իրենց քաջության ու սկզբունքայնության շնորհիվ: Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ ենթադրել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «Միացի՛ր» կոչը: Եթե երեք տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական «բեսպրեդելի», պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին: Ցավում եմ, որ այսպիսի զուգահեռ կա, սակայն դա է ճշմարտությունը։
Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր ստորագրել են հայտնի հարյուրի հայտարարությունը։ Տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունը պարտավորեցնող է, և ստիպում է ինձ պայքարել կրկնակի եռանդով և չընկերկել որևէ դժվարության առաջ։ Ուզում եմ իմանաք՝ բանտախուցն ընկալում եմ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ հանուն Հայաստանի լավ ապագայի»: