Գերմանիայի քաղաքացիներն ավելի շատ վստահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, քան կանցլեր Անգելա Մերկելին՝ վկայում են Kantar բրիտանական հետազոտական ընկերության հարցման տվյալները: Հարցման արդյունքները, որն անցկացվել է Funke մեդիախմբի պատվերով, ներկայացրել է կոնցեռնի Berliner Morgenpost թերթը: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Մակրոնի նկատմամբ «ավելի շուտ մեծ» վստահություն ունի 57 տոկոսն, Մերկելի նկատմամբ՝ 53: 44 տոկոսը հայտարարել է, որ կանցլերի նկատմամբ իրենց վստահությունն «ավելի շուտ ցածր է», այն դեպքում, երբ Ֆրանսիայի ղեկավարի նկատմամբ նման կարծիք է հայտնել հարցման մասնակիցների 32 տոկոսը:
Մասնակիցներին հարցրել են աշխարհի յոթ երկրների ղեկավարների նկատմամբ վերաբերմունքի մասին: Վերջին հորիզոնականը կիսել են ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոնց վստահում է հարցվածների 6 տոկոսը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել է ցուցակի մեջտեղում՝ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցից հետո, բայց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից առաջ: Հարցմանը, որն անցկացվել է դեկտեմբերի 12-19-ին, մասնակցել է 1024 մարդ: Berliner Morgenpost-ը տվյալներ չի ներկայացնել վիճակագրական անճշտության վերաբերյալ: