Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ամանորյա միջոցառումների համար 270 միլիոն դրամ հատկացնելուն: «Դա շատ մեծ քննարկումների տեղիք տվեց, բայց այն, ինչ մենք ստացանք ու ստանալու ենք... կարծես թե, դրա արդյունքում քննարկումները դադարեցին», - ասաց վարչապետը: Նա նշեց՝ պետական միջոցառումների ծախսման առավել երկար հետագիծ պետք է կարողանան որդեգրել, որ պետական միջոցները ծախսվելիս իրենց հետևից ավելի մեծ արդյունք բերեն:
«Սա մի հարց է, որը ծավալուն է ու մենք առիթ կունենանք քննարկելու», - ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրենք խնդիր են դրել, որ Ամանորը նշելու մթնոլորտը որոշակի փոփոխություն կրի: «Գիտեք, որ երկար տարիներ ՀՀ-ում ընդունված էր, որ մարդիկ Ամանորը նախընտրում էին նշել Հայաստանից դուրս, որովհետև Ամանորի նշելու այն պայմանները, որ կան, բազմաթիվ մարդկանց համար ստեղծում են անհարմարություններ ու մենք խնդիր ենք դրել ստեղծել բոլորովին նոր պայմաններ ու ոչ թե Ամանորը լինի մի տոն, որտեղ մարդիկ հնարավորինս առանձնանում են ու էդպես են նշում, այլ մենք ուզում են Ամանորը Հայաստանում դարձնել հանրային տոն, որտեղ ժողովուրդը միասին նշելու հարթակ ունի», - ասաց նա: Նիկոլ Փաշինայնը նշեց, որ իրենք խնդիր են դրել ցույց տալու՝ Ամանորն ավելի շատ պետք է տրամադրության տոն սարքել, ոչ թե ուտելիքի տոն, որը վերածվում է հետո որոշակի դեպրեսիվ վիճակների: «Մենք այս տարի աշխատել ենք, որ Ամանորի մշակութային կյանքը լինի բավականին աշխույժ», - ասաց նա: