Հայաստանում բոլոր կարգի կենսաթոշակները գալիք տարվա հունվարի 1-ից կբարձրանան միջինը 10 տոկոսով՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունը հավանություն տվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացրած՝ որոշման նախագծին, ըստ որի փոփոխություններ կատարվեցին պետական կենսաթոշակներին, նպաստներին վերաբերող 2010-ի և 2013-ի որոշումներում։ «2020-ի հունվարի 1-ից ՀՀ-ում բոլոր կարգի կենսաթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով: Դուք այստեղ սանդղակներն էիք մոտավորապես ներկայացնում, որոնք իրենց հերթին կինդեքսավորվեն արդեն անհատական տվյալներով՝ կախված ստաժից, աշխատանքից և այդպես շարունակ», - ասաց վարչապետը:
«Կառավարության ծրագրի համաձայն պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ»,- ընդգծեց Զարուհի Բաթոյանը: Նա նշեց. «Հիմնական կենսաթոշակի չափը, այդ թվում՝ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար 16 000 դրամի փոխարեն սահմանել 18 000 դրամ, առաջին 10 տարվա աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը 800 դրամի փոխարեն սահմանել 950 դրամ, զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը 1500 դրամի փոխարեն սահմանել 1600 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը առաջին խմբի դեպքում 36 000 դրամի փոխարեն սահմանել 40 000 դրամ, երկրորդ խմբի դեպքում 26 000 դրամի փոխարեն սահմանել 30 000 դրամ, երրորդ խմբի դեպքում 25,500 դրամի փոխարեն սահմանել 27 000 դրամ: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 25,500 դրամի փոխարեն սահմանել 27 000 դրամ, իսկ եկկողմանի ծնողազուրկ երեխայի դեպքում 80 000 դրամի փոխարեն սահմանել 90 000 դրամ, նվազագույն կենսաթոշակի չափը 25,500 դրամի փոխարեն սահմանել 27 000 դրամ»: Այս տարվա մարտին, երբ իշխանությունները
բարձրացրին կենսաթոշակները՝ նվազագույն կենսաթոշակի շեմ սահմանելով 25,500 դրամ, և համաձայն այդ փոփոխության՝ 2019-ի հունվարի 1-ից Հայաստանում թոշակառուները սկսեցին ստանալ առնվազն այդքան գումար։ Մինչ այդ գործում էր հիմնական կամ բազային կենսաթոշակը՝ 16 000 դրամ, և ըստ վիճակագրության շուրջ 18 000 մարդ ստանում էր 25,500 դրամից պակաս։
Այսպիսով, գալիք տարվա հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակն էլ ավելի բարձր է լինելու՝ 25,500 դրամի փոխարեն 27 000 դրամ. - «ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 26-ի՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին թիվ 14/89 N որոշման մեջ կատարվող փոփոխություններով առաջարկվում է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը 25,500 դրամի փոխարեն սահմանել 26,500 դրամ, իսկ երկկողմանի ծնողազուրկ երեխաների դեպքում 80 հազար դրամի փոխարեն սահմանել 90 000 դրամ», - ներկայացրեց Բաթոյանը: