ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է երրորդ երկրների միջամտությանը Լիբիայում ստեղծված իրավիճակին՝ միաժամանակ նշելով, որ հարկավոր է օգնություն ցուցաբերել, որպեսզի այնտեղ առաջացած ճգնաժամը լուծվի:
«Լիբիայի իրավիճակը համընդհանուր անհանգստություն է առաջացնում, այդ թվում նաև մեր անհանգստությունը»,- ասել է նա՝ ընդգծելով Մոսկվայի շահագրգռվածությունը Լիբիայում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման գործում: Նրա խոսքով՝ երրորդ երկրների միջամտությունը դժվար թե նպաստի Լիբիայում իրավիճակի կայունացմանը: «Սակայն երրորդ երկրների ցանկացած փորձ՝ անուղղակիորեն նպաստելու Լիբիայում ստեղծված խնդիրների լուծմանը և օգնություն ցուցաբերելու կողմերին՝ հասնելու ընդհանուր լուծման, միայն ողջունվում են Ռուսաստանի Դաշնության կողմից»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լիբիա զինվորականներ ուղարկելու Թուրքիայի մտադրությունը: Պեսկովը նշել է նաև, որ Լիբիան դարձել է հսկայական թվով երկրներից վարձկանների ապաստարան: Նրա խոսքով՝ դա շատ հայտնի երկրների գործողությունների արդյունքն է, որոնք ուղղված են լիբիական պետականությունը կործանելուն: