Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլ Փաշինյան. Գործարար համայնքը կառավարության թիվ մեկ դաշնակիցն է Հայաստանի զարգացման գործում

Նիկոլ Փաշինյան. Գործարար համայնքը կառավարության թիվ մեկ դաշնակիցն է Հայաստանի զարգացման գործում
27.12.2019 | 13:35

2019-ի տնտեսական տարվա արդյունքներին և 2020-ից ակնկալիքներին է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ իր ելույթում։

«Այսօրվա Ամանորյա մեր հանդիպումը ես ուզում եմ սկսել, եթե կարելի է այսպես ասել, ընդդիմադիր հարձակումից: Իսկ ի՞նչ եղավ կամ եղա՞վ տնտեսական հեղափոխությունը, որի մասին ես խոսում էի այս տարվա մեկնարկին: 11 ամիսների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ և մենք ամենապահպանողական սցենարով 7 տոկոսից ավելի տնտեսական աճ կունենանք: Սա թիվ մեկ ցուցանիշն է մեր տարածաշրջանում, ընդ որում տարածաշրջան ասելով նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլև ավելի լայն տարածաշրջանը: Սա թիվ մեկ ցուցանիշն է ԵԱՏՄ-ում՝ ակնհայտ առավելությամբ, և սա թիվ մեկ ցուցանիշն է ԱՊՀ-ում, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: -Այս տարվա առաջին եռամսյակում մենք տնտեսական աճի ցուցանիշներով առաջինն էինք Եվրոպայում, մեծ հավանականությամբ մենք առաջիններից մեկը կլինենք Եվրոպայում և վստահաբար, 2019-ին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներով եթե ոչ առաջին տասնյակի, առաջին 15 երկրների մեջ կլինենք աշխարհի մակարդակով»:


«Այս ամենն ասում եմ՝ ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնելու այս արդյունքներն արձանագրելու համար, որովհետև սովորաբար տնտեսական աճի լավ ցուցանիշներով պարծենում են կառավարությունները, բայց ճշմարտությունը մեկն է, որ այդ ցուցանիշները ստեղծում են, կերտում են գործարար համայնքի ներկայացուցիչները: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեր երկրի համար այսպիսի բարձր նշաձող սահմանելու համար և ուզում եմ հույս հայտնել, որ այս տարի ձեր արձանագրած հաջողությունները 2020-ին ավելի կոգևորեն և նոր ցուցանիշների կբարձրացնեն մեր երկիրը, մեր երկրի տնտեսությունը», - ընդգծել է վարչապետը:

«Հարց՝ իսկ կառավարությունն ընդհանրապես որևէ դերակատարում ունի այս ցուցանիշների ստեղծման գործում: Այո, բավականին համեստ, բայց կարևոր դերակատարում: Առաջինը՝ ապահովել օրինականությունը երկրում, երկրորդը՝ ապահովել հավասար հնարավորությունները և երրորդը՝ ապահովել պետական մարմինների հավասար հարաբերությունները բոլոր գործարարների, բոլոր ընկերությունների հետ, - ասել է վարչապետը: - Ցավոք, չեմ կարող պնդել, որ մենք 100 տոկոսով այս պայմաններն ի կատար ենք ածել, բայց մեր տնտեսական ցուցանիշները վկայում են, որ մենք այս առումով որոշակի քայլեր արել ենք: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ ձեր առաջ արձանագրել ՀՀ կառավարության քաղաքական կամքը՝ այդ ճանապարհին շարժվել առաջ, վստահ, հստակ քայլերով»:
«Կարծում եմ, որ մի բան կարող եմ վստահաբար պնդել, որ 2019-ի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում չկա մի գործարար, չկա մի ընկերություն, որը հնարավորություն կունենա պնդել, թե ՀՀ կառավարությունն իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Եթե ՀՀ-ում որևէ ընկերություն արժանացել է խտրական վերաբերմունքի՝ նշանակում է, որ ես և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները տեղյակ չենք, և այն պահին, երբ կտեղեկանանք, այդպիսի վերաբերմունք ցուցաբերած պաշտոնյաները կարժանանան ամենախիստ պատժի», - վստահեցրել է Փաշինյանը։


«Նախկինում էլ ասել եմ, որ տնտեսական հեղափոխություն իրականացնողի դերում պատկերացնում ենք մեր գործարար համայնքին և գործարար համայնքը մենք համարում ենք մեր կառավարության թիվ մեկ դաշնակիցը Հայաստանի զարգացման գործում բոլոր առումներով՝ տնտեսական զարգացման, քաղաքական զարգացման, անվտանգության զարգացման: Մենք այս տարի պարծենում ենք ՀՀ-ում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու համար: Եվ ուզում եմ արձանագրել, որ մենք այդ հնարավորությունն ունեցել ենք ձեր վճարած հարկերի շնորհիվ: Մենք հաջորդ տարի այդ ամբիցիաների, կապիտալ ներդրումների առումով ավելի բարձր նշաձող ենք սահմանել, չնայած այդ ոլորտում թերակատարման խնդիր ունենք, և այդ նշաձողը սահմանել ենք՝ վստահություն ունենալով ձեր վրա, վստահություն ունենալով, որ Հայաստանի գործարար համայնքը, գործարարությամբ զբաղվող մարդիկ բացառիկ տաղանդավոր են, և 2020-ին նրանք վստահաբար ավելի մեծ արդյունքներ կգեներացնեն իրենց ընկերություններում՝ ավելի մեծ արդյունքներ գեներացնելով Հայաստանի և նրա ժողովրդի համար», - հայտարարել է վարչապետը։


«Մենք պարծենում ենք, որ այս տարի մոտ 100 մլրդ դրամի չափով կգերակատարենք պետական բյուջեի հարկային եկամուտների մասը: Այդ եկամուտները մենք կատարում ենք և գերակատարում ենք ձեր վճարած հարկերի շնորհիվ: Եվ որպես շնորհակալության նշան մենք կայացրինք բացառիկ աննախադեպ որոշում՝ զրոյացնել ավելացված արժեքի հարկի դեբեդի պարտքերը, այն պարտքերը, որոնք պետությունը գեներացրել էր ձեր առաջ, և եկեք խոստովանենք, որ որևէ մեկը հույս չուներ, թե երբևէ այդ պարտքերը կստանա: Բայց այս պահի դրությամբ մենք 40 մլրդ դրամ հին պարտքերից վերադարձրել ենք և ընդհանուր առմամբ այս տարի մենք բիզնեսին վերադարձրել ենք 150 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի գծով ունեցած պարտք: Սա աննախադեպ ցուցանիշ է ՀՀ պատմության մեջ: Եվ ինձ համար մեծ պատիվ է և չափազանց հաճելի է այսօր ձեզ հետ հանդիպել այսպիսի տրամադրությամբ, և անկեղծ ասած, ես ինչպես սկզբում ասացի՝ այստեղ եկել եմ բացառապես ձեզ շնորհակալության խոսքեր ասելու համար և նշելու, որ մենք, ՀՀ կառավարությունը և ես, որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, հույս եմ դնում ձեզ վրա: Մենք հույս ունենք, որ 2020-ի այս օրը մեր տրամադրությունը կլինի շատ ավելի բարձր, քան այսօր ունենք, չնայած մեր տրամադրությունը կարելի է ասել աննախադեպին մոտ տրամադրություն է», - ասել է Նիկոլ Փաշինյանը և հավաստիացրել, որ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի այդ տրամադրությունն ապահովելու համար:


«Ուզում եմ վստահաբար իմանաք, որ ՀՀ կառավարության ամենամեծ խնդիրն է՝ ապահովել այն պայմանները, որ մեր առաջարկած «հարստացեք և հարստացրեք» կարգախոսի իրականացումը ՀՀ- ում լինի իրականանալի: Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ 2020-ին Հարկային օրենսգրքի փոփոխություններին ի պատասխան գործարար համայնքին կմիանան ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, որովհետև հաջորդ մեր կարգախոսը, որը մենք առաջարկել ենք և որում համոզված ենք, հետևյալն է՝ միայն աշխատանքով, միայն ու միայն աշխատանքով է հնարավոր լուծել այն խնդիրները, որ այսօր կան ՀՀ-ի առաջ, յուրաքանչյուր մարզի առաջ, յուրաքանչյուր համայնքի առաջ, յուրաքանչյուր ընտանիքի առաջ», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ։ «Եվ ես համոզված եմ, որ 2020-ը մեզ համար կլինի օրինական աշխատանքի տարի, և մենք կապացուցենք, որ հնարավոր է արդար քրտինքով վաստակել ոչ միայն հաց, ոչ միայն բարեկեցություն, այլև արդար հարստություն: Հայաստանում գործարարի կերպարի բնորոշիչները հենց սրանք են՝ արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով ձևավորված վաստակը՝ հենված կոնկրետ մեկ նպատակադրման վրա՝ հարստանալ և հարստացնել հայրենիքը, ժողովրդին, պետությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ