Ռուսաստանի հետ փակուղի մտած բանակցություններից հետո Բելառուսի նախագահը չի բացառում` «2020-ը կարող է փորձությունների տարի լինել»: Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հրավիրված խորհրդակցության ժամանակ` դիմելով շրջանային վարչակազմերի ղեկավարներին, ասել է. «Դա բարդ, շատ բարդ տարի է լինելու: Եվ եթե կարողանանք արժանավայել անցկացնել, կնշանակի, որ մենք ինչ-որ բանի, այնուհանդերձ, ընդունակ ենք: Մարտահրավերներն այժմ շատ են, և թե ինչ է մեզ սպասում ապագայում, որևէ մեկը ասել չի կարող»:
Դատելով Լուկաշենկոյի երեկվա հայտարարություններից` Մինսկում որպես ինքնիշխանության համար գլխավոր ճակատամարտ ընկալում են հաջորդ տարի անցկացվելիք նախագահական ընտրությունները: «Մենք ոչ մի դեպքում չպետք է թուլանանք: Հիմնական զարգացումները դեռ առջևում են: Հաշվի առնելով, որ հաջորդ տարին բարդ է լինելու նաև ընտրական գործընթացների տեսանկյունից, ես ձեզ խնդրում եմ` լրջորեն աշխատեք մարդկանց հետ: Հարկավոր է համբերատար լինել, գնալ մարդկանց մոտ և աշխատել նրանց հետ», - դիմելով ենթականերին՝ ասել է Բելառուսի նախագահը: Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսի համար հնարավոր խնդիրների գլխավոր աղբյուր կարող է դառնալ երկրի տնտեսությունը: Բելառուսի նախագահը, այդուհանդերձ, չէր հստակեցնում` խոսքը ճգնաժամի՞, թե՞ արտաքին տնտեսական ճնշման մասին է: «Գլխավոր սպառնալիքը, եթե այն կա, տնտեսական է: Իսկ տնտեսությունը կախված է մեզնից` ղեկավարներից: Կկարողանանք արդյունավետ ղեկավարել գործընթացները` երկիրը չի քանդվի»՝ ասել է Լուկաշենկոն: