Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը. «Սիրելի պարոն վարչապետ, Նոր տարվա և Աստվածահայտնության տոների շեմին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից քրիստոնեական ջերմ սիրով ու հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Ձեզ և մեր սիրելի ժողովրդին»։
«Աղոթում ենք առ Բարձրյալ Աստված, որ իր երկնային հովանու ներքո անվթար պահի մեր հայրենիքը, ինչպես նաև Ձեզ պարգևի առավել կորով, որպեսզի կարողանաք թավշյա հեղափոխությամբ բացված նոր էջը Հայաստանի ժամանակակից պատմության մեջ հարստացնել նորանոր իրագործումներով», - նշված է ուղերձում։
Վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը. «Հարգելի Նիկոլ Վովայի, համոզված եմ, որ գալիք տարին նոր հնարավորություններ կբերի համագործակցության հետագա ամրապնդման և ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացման համար: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն, բարգավաճում և հաջողություն Ձեր պատասխանատու գործում, Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։
Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Չինաստանի վարչապետ Լի Քեցյանը, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Կորեայի վարչապետ Լի Նակ-Յոնը, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ- գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և այլք ։