Bloomberg գործակալությունը գրում է, որ Վլադիմիր Պուտինի 20-ամյա իշխանության տարիներին Ռուսաստանը կարողացել է վերադարձնել ԽՍՀՄ փլուզումից հետո կորցրած ազդեցության զգալի մասը: Նա ամրապնդել է կապերը Չինաստանի հետ, Ռուսաստանին է միացրել Ղրիմը, փոխել է իրավիճակը Սիրիայում, զենք է վաճառել ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիային: Պուտինին հաջողվել է տոն հաղորդել Փարիզում Նորմանդական քառյակի գագաթաժողովին: ՌԴ նախագահի հիմնական նվաճումը համարվում է նրա կարողությունը՝ համեստ բյուջեով մեծացնելու աշխարհաքաղաքական ազդեցությունը, ԱՄՆ-ն երկու անգամ ավելի շատ է ծախսում պաշտպանության վրա, քան Ռուսաստանը բոլոր ոլորտներում միասին վերցրած:
«Ռուսաստանը նորից դարձել է հիմնական ուժը Մերձավոր Արևելքում և մեծացնում է իր ազդեցությունն Աֆրիկայում»,- ասված է հոդվածում: Գործակալությունը նշել է նաև, որ ուկրաինական հակամարտությունից հետո նյութական հարցերում Մոսկվայի ցուցաբերած զգուշավորությունը երկրի ֆինանսական հավասարակշռությունը դարձրել է «աշխարհում ամենաառողջներից մեկը»: