ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի իրագործած՝ գեներալ Կասեմ Սոլեյմանիի վերացման գործողությունը հավասարազոր է «պատերազմ սկսելուն»: CNN-ին հարցազրույցում Մաջիդ Թախտ Ռավանչին հիշեցրել է, որ Վաշինգտոնը դեռևս 2018-ի մայիսին «տնտեսական պատերազմ» է սկսել Իրանի դեմ: «Անցած գիշեր նրանք այս պատերազմի նոր գլուխը բացեցին՝ սպանելով ժողովրդի ամենասիրելի և գլխավոր գեներալներից մեկին»,-հայտարարել է իրանցի դիվանագետը: Նրա խոսքով` Իրանն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի գործողությունները: «Անխոս, Իրանն աչք չի փակի սրա վրա: Վրեժ կլինի, Իրանը կպատասխանի այնպես, ինչպես հարկ կհամարի: Այդ պատասխանի վայրն ու ժամանակն Իրանը կորոշի»,- ընդգծել է Ռավանչին:
Մեկնաբանելով Վաշինգտոնի հայտարարությունները, թե Սոլեյմանին սպառնալիք էր ԱՄՆ-ի համար` Իրանի ներկայացուցիչը նշել է, որ «ոչ մի ապացույց չկա»:
Նա նաև չի հավատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, որ ամերիկացիները վերացրել են Սոլեյմանիին՝ Իրանի հետ պատերազմը կանխելու, ոչ թե պատերազմ սկսելու նպատակով: «Ես չեմ հավատում, որ ԱՄՆ-ը այս գործողությունը կատարել է, որ կանխի պատերազմը, քանի որ Սոլեյմանիի սպանության ծրագիրը մշակվել է բավականին երկար ժամանակ»,-նշել է դիվանագետը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛ Բրայանը հայտարարել էր, որ ամերիկյան կողմի տեղեկության համաձայն` Սոլեյմանին Դամասկոսից ժամանել էր Բաղդադ, որ «հարձակումներ կազմակերպեր ամերիկացի դիվանագետների և զինծառայողների նկատմամբ»: Օ՛ Բրայենը հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել` անվանելով «հույժ գաղտնի»: