Տասնյակ հազարավոր մարդիկ Թեհրանում բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ ԱՄՆ-ի կողմից իրանցի հեղինակավոր գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության:
«Ալ Ջազիրա»-ն հաղորդում է՝ ցուցարարները վանկարկում են «մահ Ամերիկային» և զոհված գեներալի լուսանկարով պաստառներ են ցուցադրում: Հղում անելով իրանական պետական գործակալությանը՝ պարբերականը հայտնում է, որ ցույցեր են նաև Արաք, Բոջնուրդ, Համադան, Հորմոզգան, Սանանդաջ, Սեմնան, Շիրազ և Յազդ քաղաքներում: Ցուցարարներն աջակցում են Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հայտարարությանը, որ խոստացել է վրեժ լուծել Սուլեյմանիի մահվան համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ վստահություն է հայտնել, որ «Իրանական հեղափոխության պահակների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավարին պետք էր չեզոքացնել տարիներ առաջ: «Այն ժամանակ, երբ Իրանը երբեք չի կարողանա հավուր պատշաճի ընդունել դա, Սուլեյմանիին ատում էին և վախենում նրանից հենց իր երկրում»,- իր թվիթերյան էջում գրել է Թրամփը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն CNN-ին հարցազրույցում հայտարարել է, որ գեներալ Սուլեյմանիին չեզոքացնելու որոշումը հարյուրավոր ամերիկացիների կյանք է փրկել: