Այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը և այլ ռազմական օբյեկտներ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է հնարավոր հետագա հարձակումների մասին Մերձավոր Արևելքի այն երկրների տարածքներում, որոնք, «հարթակ կդառնան ԱՄՆ ագրեսիայի»: Ըստ հայտարարության՝ հրթիռային հարվածները պատասխանն են ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ, առայժմ գնահատում է հրթիռային հարվածների հետևանքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, թե հարվածներից հետո «ամեն ինչ լավ է», և խոստացել է իրավիճակի վերաբերյալ ճեպազրույց տալ չորեքշաբթի առավոտյան։ «Մեր զինված ուժերը հզորագույնը և լավագույնս զինվածն են՝ աշխարհում որտեղ էլ լինեն», - գրել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկյան և իրաքյան աղբյուրների, այդ թվում՝ Էրբիլի քրդերի վկայությամբ՝ հարվածների հետևանքով զոհեր չկան։ Իրանական և ռուսական աղբյուրները պնդում են, թե զոհեր կան։