Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են իրավիճակը մեղմել առանց սեփական դեմքը կորցնելու

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են իրավիճակը մեղմել առանց սեփական դեմքը կորցնելու
08.01.2020 | 17:26

Իրանա-ամերիկյան հարաբերություններում սկսված ճգնաժամը, որը կարող է իրական պատերազմի հանգեցնել, այս օրերին միջազգային քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեման է՝ գրել է The Guardian-ը: Հունվարի 8-ին Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաների նկատմամբ հրթիռային հարձակումն իրականում կարող է բավարարել երկու կողմին էլ: Մի կողմից Թեհրանը ցույց տվեց, որ կարող է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, մյուս կողմից էլ ԱՄՆ-ն կարող է հանդարտեցնել կրքերը՝ ընդունելով հարձակման սահմանափակ բնույթը: Սոլեյմանիի սպանության համար խոստացված «դաժան վրեժը» տեղի է ունեցել անցած գիշեր՝ ԱՄՆ-ի իրաքյան ռազմաբազաների ուղղությամբ գործողության կարճ շառավղով հրթիռների արձակմամբ: «Այս հարձակումները Թրամփի վարչակազմի «բազեներին» հնարավորություն կտան ուռճացնել Իրանի հետ հակամարտությունը՝ միևնույն ժամանակ ճգնաժամից դուրս գալու ուղի հարթելով»,- գրում է Սաֆին: Իրանի հարվածները խիստ խորհրդանշական էին. դրանք իրականացվել են 1:30-ին, այն նույն ժամին, երբ սպանվել էր Սոլեյմանին: Թեև այս ամենում ռազմական հռետորաբանության պակաս չի զգացվում, սակայն նկատվում է, որ հարձակումներն Իրանի կողմից այնպիսի զգուշավորությամբ են իրականացվել, որ հնարավոր լինի խուսափել ամերիկյան կողմի համար լուրջ հետևանքներից: Հրթիռակոծվել են այն ռազմակայանները, որտեղ արդեն տագնապի բարձր մակարդակ էր հայտարարվել: Իրանի ԱԳ նախարարը, մեկնաբանելով հարվածները, նշել էր, որ դրանք ոչ թե պատերազմի առաջին կրակոցներն են, այլ միջազգային իրավունքի շրջանակում ինքնապաշպանության նպատակով իրականացված քայլեր:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Իրանի հարձակմանը, ևս փորձել է հակառակ կողմին հանգստացնելու քայլ անել՝ հայտարարելով, որ «ամեն ինչ կարգին է»: Անցած գիշերվա հարձակումը երկու կողմին էլ հնարավորություն կտա իրավիճակը մեղմելու առանց սեփական դեմքը կորցնելու: Իրանը կկարողանա ասել, որ դաժանորեն վրեժ է լուծել Սոլեյմանիի համար, կկարողանա ճնշում գործադրել Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու ուղղությամբ: Ամերիկյան կողմն էլ կարող է հետքայլ անել՝ հաշվի առնելով, որ Իրանի վրեժը լուրջ հետևանքներ չի ունեցել Վաշինգտոնի համար: Սա լավագույն սցենարն է:

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ