Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, հայտարարել են, որ մտադիր են վայր դնել թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները՝ թագավորական զույգը հայտնել է Instagram-ում:
Զույգի հայտարարության մեջ ասվում է. «Երկար ամիսների մտորումներից և ներքին քննարկումներից հետո մենք որոշեցինք անցումային քայլ կատարել այս տարի՝ սկսելով աստիճանաբար ձևավորել նոր դեր այդ ինստիտուտի շրջանակում։ Մենք մտադիր ենք վայր դնել մեր պարտականությունները որպես թագավորական ընտանիքի «ավագ» անդամներ և աշխատել՝ ֆինանսապես անկախ դառնալու համար՝ միաժամանակ շարունակելով լիովին աջակցել Նորին Մեծությանը»:
Սասեքսի դուքսն ու դքսուհին իրենց համատեղ հայտարարության մեջ նաև նշել են, որ պատրաստվում են ապրել հավասարապես Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Նրանց կարծիքով՝ նման «աշխարհագրական հավասարակշռությունը» թույլ կտա իրենց որդուն երախտագիտությամբ և գնահատանքով լցվել թագավորական ընտանիքի ավանդույթի նկատմամբ, ընտանիքին հնարավորություն կտա կենտրոնանալ նոր բարեգործական կազմակերպության գործարկման վրա:
Մեգանի և Հարիի հայտարարությունից հետո բրիտանական մամուլում սկսել են շրջանառվել լուրեր, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին վշտացրել և հիասթափեցրել է զույգի հայտարարությունը, նրանք նույնիսկ հարկ չեն համարել խորհրդակցել իր կամ արքայազն Չարլզի հետ: The Sun-ը նշել է, որ Էլիզաբեթ 2-րդը վշտացած է և հիասթափված արքայազն Հարիի և նրա կնոջ՝ ֆինանսական արտոնություններից հրաժարվելու և ինքնուրույն ապրելու ծրագրերի պատճառով:
Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ արքայազն Հարիի և նրա կնոջ որոշումը՝ լքել թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների շրջանակը և սկսել ինքնուրույն վաստակել, խնդիրներ է ստեղծում, որոնց լուծումը ժամանակ կպահանջի: