Թեհրանը մերժում է Վաշինգտոնի համագործակցության առաջարկը՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատճառով՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչը:
«Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հայտարարությունների ֆոնին Թրամփի առաջարկը վստահություն չի ներշնչում»՝ ասել է դիվանագետը, հավելելով, որ Վաշինգտոնն է «նախաձեռնել Իրանի հետ թշնամանքի և լարվածության նոր ալիքը»՝ սպանելով իրանցի գեներալին: Սա Թեհրանի առաջին արձագանքն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ Երեկ ուշ երեկոյան Սպիտակ տան ղեկավարը հատուկ ելույթ է ունեցել՝ հստակեցնելով Վաշինգտոնը դիրքորոշումը Իրանի հարցով: Թրամփի այդ ուղերձը փորձագետները գնահատում են նահանջ կամ Իրանի հետ երկխոսելու ևս մեկ հնարավորություն:
Դոնալդ Թրամփը ասում էր՝ Թեհրանի արձակած տասնյակ հրթիռների հարվածներից ամերիկացի զինվորականների շրջանում զոհեր չկան, վնասներն էլ նվազագույն են: «Ամերիկայի ժողովուրդը պետք է շնորհակալ ու երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի վնասվել երեկ գիշեր Իրանի ռեժիմի հարձակման հետևանքով: Մենք զոհեր չունենք, մեր բոլոր զինվորները անվտանգ են, և մեր ռազմակայանները նվազագույն վնաս են կրել», - նշում էր նա։
Ելույթ ունենալով Վաշինգտոնի և Թեհրանի միջև աննախադեպ լարվածության հարցով, որը վերջին օրերին վերածվել էր Իրաքում ռազմական առճակատման, Թրամփն, այդուհանդերձ, Իրանի իշխանությունների հետ համագործակցության առաջարկ հնչեցրեց, շեշտելով, սակայն, որ մինչ այդ Թեհրանը պետք է փոխի իր վարքագիծը, հրաժարվի միջուկային հավակնություններից: Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, ամերիկյան կառավարությունը նոր՝ ավելի ցավոտ տնտեսական պատժամիջոցներ է սահմանում, ինչպես ԱՄՆ նախագահն է բնորոշել՝ «միջազգային ահաբեկչությունը հովանավորող Իրանի նկատմամբ, որը միջուկային զենք ստեղծելու իր ձգտմամբ վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի համար»:
«Մենք դա երբեք թույլ չենք տա։ Քանի դեռ ես ԱՄՆ նախագահն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա», - հայտարարել է Դոնալդ Թրամփը։ «Անցյալ շաբաթ մենք անցանք վճռորոշ գործողությունների, որ թույլ չտանք ահաբեկիչներին հետագայում ևս վտանգել ամերիկացիների կյանքը: Իմ հրամանով ամերիկացի զինվորականները ոչնչացրին Քասեմ Սուլեյմանիին՝ աշխարհի ամենամեծ ահաբեկիչներից մեկին, ով անձամբ պատասխանատու է ամենասարսափելի հանցագործությունների համար», - ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ Սուլեյմանին էր կազմակերպել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ դաժան հարձակումը և շարունակում էր նորանոր հարձակումներ ծրագրել: «Բայց մենք կարողացանք կանգնեցնել նրան: Նրա ձեռքերը թաթախված էին և՛ ամերիկացիների, և՛ իրանցիների արյան մեջ», - հայտարարել է Թրամփը:
Նա կոչ է արել ՆԱՏՕ-ին ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Մերձավոր Արևելքի գործընթացներում։ Դիմելով Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին և Չինաստանին, որ, ի տարբերություն Վաշինգտոնի, շարունակում են հավատարիմ մնալ Իրանի հետ կնքված միջուկային գործարքին, Թրամփը հորդորել է ընդունել նոր իրողություններն ու վերանայել իրենց դիրքորոշումը Իրանի հետ 2015-ին կնքված միջուկային գործարքի հարցում: «Մենք պետք է աշխատենք, որ Իրանի հետ այնպիսի մի համաձայնագրի հասնել, որն աշխարհը կդարձնի ավելի անվտանգ», - ընդգծել է ԱՄՆ նախագահը և հատուկ շեշտել՝ այդ համաձայնագիրը պետք է նաև Իրանին հնարավորություն տա բարգավաճելու և զարգացնելու իր ներուժը. «Իրանը կարող է լինել հրաշալի երկիր, սակայն Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն չի լինի, քանի դեռ Իրանին թույլատրվում է հրահրել բռնություններ, ահաբեկչություն, պատերազմ»։
Դոնալդ Թրամփը հավաստիացրել է՝ ԱՄՆ-ը պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության։ «Դիմում եմ Իրանի ժողովրդին՝ մենք ցանկանում ենք, որպեսզի դուք ունենաք հրաշալի ապագա, որին դուք արժանի եք՝ բարեկեցիկ, աշխարհի ազգերի հետ խաղաղ գոյակցելով», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Նրա՝ Մերձավոր Արևելքում լարվածությունն ակնհայտորեն թուլացնող ուղերձից հետո միջազգային շուկաներում նավթի գնանկում արձանագրվեց: Նյու Յորքի բորսայում «Տեքսասյան թեթև նավթատեսակ» անվամբ հումքի մեկ բարելի գինը 3 դոլար 9 սենթով է նվազել և հասել 59 դոլար 61 սենթի, «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելի գինը 2 դոլար 83 սենթով է նվազել և հասել 65 դոլար 44 սենթի: