Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի աղետի ենթարկվելու հնարավոր պատճառներից մեկը կարող էր լինել ռուսական զենիթային «Тор» համակարգից արձակված հրթիռը՝ հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսեյ Դանիլովը, պատասխանելով «Цензор.нет»-ին: Նրա խոսքերով, այդ տարբերակը նույնպես ուսումնասիրվում է: Ուկրաինացի մասնագետները, որ այժմ Իրանում են, փնտրելու են հրթիռի կտորներ: Դանիլովն ընդգծել է, որ Թեհրան մեկնած մասնագետների մի մասը մասնակցել է 2014-ին Դոնբասում վթարի ենթարկված մալայզիական «Բոինգի» հետաքննությանը եւ այնտեղ հետազոտել է ռուսական «Бук» զենիթային համակարգի հրթիռների մասնիկները, ինչը և, ըստ ուկրաինացիների, եղել էր օդանավի կործանման պատճառը:
Շրջանառվող այլ պատճառներից են նաև օդանավում պայթյունը, որը կարող էր լինել ահաբեկչության հետևանք, շարժիչի տեխնիկական պատճառներով ծագած պայթյունը, օդանավի բախումն անօդաչուի կամ այլ թռչող օբյեկտի հետ:
Ուկրաինական օդանավը վթարի է ենթարկվել հունվարի 8-ին: Օդանավում եղել են 167 ուղեւորներ տարբեր երկրներից: Հետաքննությունը վարում է իրանական կողմը, Թեհրանում հենց սկզբից պնդում էին, որ աղետի պատճառները տեխնիկական են, ավելի ուշ այդ տարբերակն ամենահավանականն անվանեցին եւ արեւմտյան հատուկ ծառայությունները: