Երեկ ժամը 20:00-ի սահմաններում, «911» ահազանգ է եղել «Դալմա Գարդեն մոլից», որ ինչ-որ ցնցումներ են իբր նկատվում՝ ասել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Մեր սեյսմիկ կայանները ոչինչ չեն գրանցել, և երկրաշարժի տեղեկություն չկա: Մարդկանց ասել էին, թե իբր այդպիսի բան է եղել: Հիմա մեր աշխատակիցները գտնվում են տեղում: Ցնցումներ չկան այս պահին, բայց ցնցումներ որպես այդպիսին չեն էլ եղել, այլ ինչ-որ փոքր շարժ է նկատվել, ասենք պարֆյումերիայի որևէ տուփի շարժ է նկատվել խանութի մի շարքի վրա», - մանրամասնեց նախարարը: Նա հայտնեց նաև, որ ԱԻՆ աշխատակիցները տեղում են, կուսումնասիրեն, կպարզեն, թե ինչի մասին է խոսքը. «Ուղղակի մարդկանց տարհանել են, որ հանկարծ որևէ բան չլինի: Մերոնք են հիմա տեղում աշխատում: Երկրաշարժ և այլն, կեղծ լուրեր են, անհանգստանալու խնդիր չկա»:
«Դալմա Գարդեն մոլը» արտակարգ իրավիճակի ու հաճախորդների տարհանման առնչությամբ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում: «Նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10-ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու», - ասված է գրառման մեջ։