Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն հերքել է ուկրաինական իշխանությունների ենթադրությունը, որ Թեհրանում վթարի ենթարկված UIA-ի Boeing-737 ինքնաթիռը կարող էր կործանվել հրթիռի պատահական հարվածից: Աբեդզադեն շեշտել է, որ ինքնաթիռի վրա հրթիռային հարձակումը «գիտականորեն անհնար է»: Նա բացատրել է, որ նույն պահին նույն բարձրության վրա են եղել ևս մի քանի ուղևորատար ինքնաթիռ:
«Այն վարկածը, որ ինքնաթիռը խոցվել է հրթիռով, չի կարող ճիշտ լինել ոչ մի պարագայում»,- հայտարարել է Աբեդզադեն: Նա շեշտել է, որ երկրում ռազմական և քաղաքացիական հատվածների միջև կա «լիակատար համակարգում»: Աբեդզադեն հերքել է նաև տեղեկությունները, որ Իրանը հրաժարվել է սև արկղերը հանձնել ԱՄՆ-ին: Նա նշել է, որ հետաքննությամբ հետաքրքրված բոլոր կողմերին կտրամադրվի ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն և հավելել, որ անհրաժեշտության դեպքում, սև արկղերի տվյալների գաղտնագրումը կիրականացվի Ֆրանսիայում կամ այլ երկրում: