Վարույթն իրականացնող մարմինը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին։
ՀՔԾ-ն գործի նյութերը կողմերին է տրամադրել, որպեսզի ծանոթանան։ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատությանն» ասել է՝ երեկ երեկոյան է ստացել գործի նյութերը, և որքան հասցրել է ծանոթանալ, չկա որևէ ապացույց մեղադրանքը հաստատելու մասին, որ վերահաստատում է իրենց տեսակետը, որ նախկին նախագահը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ «Այն ապացույցները, այն փաստերը, որ ես տեսել եմ քրեական գործում, ընդհանրապես չեն խոսում այդ մասին ու հակառակի մասին են խոսում, իսկ քրեական գործը իրականում շինծու և արհեստական մեղադրանքով փաթեթավորված, քաղաքական տարրեր պարունակող քրեական հետապնդման բնորոշումն է, - հայտարարեց Մակինյանը: - Առաջադրված մեղադրանքը բացարձակ հիմնազուրկ է, շինծու, նպատակ ունենալով քրեական գործով քաղաքական հետապնդում իրականացնել, և իրականացվում է պարոն Սարգսյանի դեմ։ Չկան քրեական գործով հավաքված, վերաբերելի, հավաստի, ընդգծում եմ՝ ապացույցներ, ապացույցներ, որոնք կարող են փաստել մեղսագրված արարքի հիմնավորվածության մասին։ Ուղղակի այդպիսիք չկան»։
Սերժ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում։