Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի պահանջով հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են նախագահական նստավայրի զինանոց և առգրավել զենքեր՝ հայտարարել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի նախագահ Մուհամեդ Կիլբը:
Ոստիկանությունը փորձում է կանխել ընդդիմության և գործող իշխանությունների հնարավոր բախումները: Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նիստում փաստաթուղթ էր ընդունել՝ կոչ անելով Խաջիմբային ինքնակամ հրաժարական տալ՝ «հետագա ապակայունացումից խուսափելու համար»: Ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է երեկ, երբ Սուխումիում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայր` կոտրելով շենքի առաջին հարկի գրեթե բոլոր ապակիները՝ «Խաջիմբա, հեռացի՛ր» վանկարկումներով:
Մինչ այդ ցուցարարները հավաքվել էին չճանաչված հանրապետության Գերագույն դատարանի շենքի մոտ, որտեղ պետք է քննարկվեր նախագահության ընդդիմադիր թեկնածու Ալխաս Կվիցինիայի հայցը, որով նա բողոքարկել է անցյալ տարվա սեպտեմբերի ընտրություններում Խաջիմբային հաղթող ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: