ԱՄՆ-ն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողության օրը փորձել է սպանել նաև Եմենում Իրանի մեկ այլ բարձրաստիճան հրամանատարի, գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: ԱՄՆ-ն առանձին անհաջող գործողություն է իրականացրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջատար հրամանատարներից Աբդուլ Ռեզա Շահլայիի դեմ: Մեկ օրում երկու գործողություն անցկացնելը կարող էր նշանակել, որ Սոլեյմանիի սպանությունն ամերիկյան զինված ուժերի ավելի լայն գործողությունների մի մասն է, ենթադրում է թերթը: Պաշտոնական անձինք հրաժարվել են հայտնել Շահլայիի դեմ գործողության մանրամասները՝ հայտարարելով, որ հաջողությամբ չի պսակվել: Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները նույնիսկ պատրաստվում էին հայտարարել միաժամանակ երկու գործողությունների հաջողության մասին։ «Եթե գործողության արդյունքում սպանվեր նաև նա, այդ նույն գիշեր մենք կպարծենայինք նաև դրանով»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, որը, ինչպես և մյուսները, խոսել են գաղտնի մնալու պայմանով։ Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա էլ հայտարարել է, որ այդ երկու հարվածներն արտոնվել են միևնույն ժամանակ։ Պաշտոնյան նշել է, որ Շահլային կարող է թիրախ դառնալ ապագայում, թեև երկու երկրներն էլ հետաքրքրություն են հայտնել ճգնաժամի ապաէսկալացման հարցում: