Իրանի մի շարք քաղաքներում արդեն երկրորդ օրն են շարունակվում բազմամարդ բողոքի ակցիաները: Ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանի մերձակայքում կործանված ուկրաինական «Բոինգի» վթարի մեղավորներին:
«Հրաժարականը բավարար չէ», - շաբաթ երեկոյան վանկարկում էին Թեհրանի խոշորագույն ուսումնական հաստատություններից մեկի` «Ամիր Քաբիր» համալսարանի մերձակայքում հավաքված ուսանողները: Բողոքի գործողությունները սկիզբ առան «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հայտարարությունից մի քանի ժամ անց: Այդ հայտարարությամբ երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցների մեկը խոստովանում էր, որ ուկրաինական մարդատար օդանավը խոցվել է Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից` մարդկային սխալի հետևանքով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում անգլերեն և պարսկերեն գրառմամբ իր աջակցությունն է հայտնել իրանցի ցուցարարներին: «Դիմում եմ Իրանի խիզախ և տառապած քաղաքացիներին: Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես ձեր կողքին եմ, և իմ վարչակազմը շարունակելու է աջակցել ձեզ», - գրել է Թրամփը: