Հրաժարական է ներկայացրել Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը: Նա հրաժարականի մասին հայտարարեց նախօրեին` իշխող Լեյբորիստական կուսակցության համաժողովում: Մուսկատի հրաժարականի պատճառը հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննության ընթացքում ի հայտ եկած փաստերն են, որոնք վկայում են, որ հանցագործության ամենահավանական պատվիրատուները Մալթայի կառավարության հետ սերտ առնչություններ ունեցող տեղացի գործարարներն են:
Սպանված լրագրողը իր վերջին հրապարակումներում պնդում էր, որ Մուսկատը սերտ կապեր է հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ` նպաստելով ադրբեջանական ծագում ունեցող գումարների լվացմանը երկրի տարածքում: Մալթայի նոր վարչապետ է ընտրվել Ռոբերտ Աբելը: Նա Մալթայի նախկին վարչապետ Ջորջ Աբելի որդին է: Դաֆնա Կարուանա Գալիցիան սպանվել է 2017-ին՝ իր մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: