Ես չգիտեմ` ինչի մասին է խոսում Հրայր Թովմասյանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրանք կառաջադրեն։ «Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած կամ մեղսագրվող հանցագործությունը կապ չունի այս պահին կամ նախկինում ունեցած որևէ պաշտոնի հետ, այն առումով, որ որևէ զբաղեցրած պաշտոն չի ենթադրում, որ հիմա մենք ինչ-որ գործողություններ ենք անում, այսինքն՝ քաղաքական հետապնդումների մասին որևէ խոսք լինել չի կարող», - ասաց Արարատ Միրզոյանը։ Հարցին՝ մամուլը գրում է, որ իշխանությունը ՍԴ դատավորների արտաամուսնական կյանքի մասին տեղեկություններ է հավաքում, ԱԺ նախագահն արձագանքեց,. «Ժողովուրդ ջան, եկել եք անհեթեթությունների մասին հարց եք տալիս: Ես այդքան ժամանակ չունեմ որևէ մտացածին վարկածներ մեկնաբանեմ»։ Արարատ Միրզոյանն ասաց, որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամը շարունակվում է։ «Իհարկե, հանգուցալուծում չի ստացել», - ասաց նա։
Հարցին՝ Սուրբծննդյան պատարագին հանդիպել են, Հրայր Թովմասյանը բարձրաձայնե՞լ է իր մտահոգությունները, ԱԺ նախագահը պատասխանեց. «Չէ, մենք մեկ-երկու կատակ արեցինք, այդքանը»։ «Էնպես չի, որ մենք քնում-զարթնում ենք հենց էս խնդրի մասին միայն մտածելով ու մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել Սահմանադրական դատարանից», - ասաց նա։