«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած զինված տղամարդու հետ բանակցություններ է վարել ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, որից հետո անձը հանձնել է հրազենը՝ հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից: Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։
Հաղորդվում է նաև, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ ոստիկանությունը բացել էր «Էրեբունի Պլազա» տանող ճանապարհը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողներին հայտնել էր, որ իրավիճակը վերահսկելի է:
Ոստիկանությունն այսօր՝ ժամը 14.40-ին, ահազանգ էր ստացել, որ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Ոստիկանությունից դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։