Հայաստանն ու Նիդերլանդները խորացնում են հարաբերությունները. առաջիկայում Երևանում բացվելու է դեսպանատուն, այս տարի Նիդերլանդներ կայցելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասվեց Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի ու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ասուլիսի ընթացքում։ Ստեֆ Բլոկը երեկ է երկօրյա պաշտոնական այցով ժամանել Երևան, նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բլոկի հարավկովկասյան այցից Բաքուն դուրս է մնացել։ Հայաստանն ու Նիդերլանդները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ի հունվարին, ԱԳ նախարարն առաջին անգամ է գալիս Հայաստան։ «Այս այցով ցանկանում եմ ընդգծել Նիդերլանդների ու Հայաստանի միջև գերազանց հարաբերությունները։ Այսօրվա մեր հարաբերությունների ժամանակ կենտրոնացել ենք մեր համագործակցության խորացման ուղղությամբ և քննարկել ենք ապագայում համատեղ աշխատանքի գերազանց հեռանկարները», - ասաց նա։ Ստեֆ Բլոկը շարունակեց՝ հետաքրքիր ժամանակ է Հայաստան այցելել՝ թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց, հավելեց՝ տպավորված է քաղաքական խաղաղ տրանսֆորմացիայով և ողջունեց օրենքի գերակայության հաստատման ու կոռուպցիայի դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունները։
Ինչո՞ւ որոշեցին խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հարցին Ստեֆ Բլոկը պատասխանեց. «Մենք կարևորություն ենք տալիս Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին՝ անշուշտ, առաջին հերթին հայաստանցիների շահի տեսանկյունից։ Այս աշխարհում մենք հարևաններ ենք, գտնվում ենք մարտահրավերներով լի տարածաշրջանում՝ Եվրոպայի ու Ասիայի սահմաններին հարող տարածաշրջանում, ուր շատ բան է կատարվում։ Ուստի, մեր համատեղ շահերից է բխում, որ օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքական կայունությանը և տնտեսական առաջընթացին վերաբերող զարգացումներն ընթանան ճիշտ ուղղությամբ»։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն` անցած տարվա հունվար-նոյեմբերին հայ-նիդերլանդական առևտուրը կազմել է 178 միլիոն 10 հազար դոլար, որ 2018-ի առաջին 11 ամիսների համեմատ ավելի է 6.1%-ով։
«Տնտեսական համագործակցությունը լայն հնարավորություններից մեկն է, որ բացվում է մեր առջև։ Այս առավոտ պատիվ ունեցա ելույթ ունենալ հայաստանցի ու նիդերլանդացի գործարարների առջև, և նրանք ինձ փոխանցեցին, որ Հայաստանը մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Եթե դուք մեծ ներուժ ունեք, սա հիմք է փայլուն ապագայի համար։ Սա, անշուշտ, ապագայի հիմնական հնարավորություններից մեկն է։ Հաջորդը՝ Նիդերլանդները մեծ ներուժ ունի գյուղատնտեսական բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Եվ վերջապես, նիդերլանդացիները նախընտրում են ճամփորդել և ավելի շատ են այցելում Հայաստան», - ընդգծեց նախարարը։
Զոհրաբ Մնացականյանը նշեց՝ 1 տարվա կտրվածքով Նիդերլանդներից Հայաստան այցելուների աճը կազմել է մոտ 23%։ «Պարոն Բլոկը Հայաստան է ժամանել Երևանում Նիդերլանդների դեսպանության մոտալուտ բացման և այս տարի Հայաստանի վարչապետի՝ Նիդերլանդներ կատարելիք այցելությանն ընդառաջ: Այս զարգացումները վկայում են, որ հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը նոր թափ են ստացել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո», - շեշտեց Մնացականյանը: