Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ երկրում հեղաշրջման փորձեր են եղել։ Նա անուններ չհնչեցրեց, բայց ասաց, որ բոլոր փորձերը կանխվել են և որևէ վտանգ չկա։ Հետևանքները եղել են, այդ թվում՝ պաշտոնանկություններ: Պաշտոնյան չբացառեց առաջիկայում քրեական գործի հարուցումը. «Պարբերաբար այսպես կոչված ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը փորձել է տորպեդահարել։ Նրանք օգտագործել են և գործիքներ, և մարդկանց։ Շատ մարդիկ տրվել են այդ գաղթակղությանը և հետևել են այդ մտքերին կամ գաղափարներին և փորձել են քայլեր ձեռնարկել։ Ու դրա արդյունքում, կարող եմ ասել, որ որևիցե հաջողություն չեն ունեցել»։ Հիշեցմանը, որ պաշտոնանկ են արվել ոստիկանապետը, ԱԱԾ, Պետական պահպանության ծառայությունների ղեկավարները և հարցին, թե կարելի է ենթադրել, որ նրանք կապված են եղել այդ փորձերին կամ առնվազն աչք են փակել, Գրիգորյանն արձագանքեց. «Անունների մասով այս պահին հստակեցում չեմ մտցնի»։ Նա չհստակեցրեց նաև, թե ինչն է իշխանության ողջամիտ կասկածներն առաջացրել, որ փորձեր են եղել։ Բայց որոշ փակագծեր բացեց՝ որպես օրինակ նշելով ֆեյք նյուզն ու սև քարոզչությունը: