Իր բնակարանում մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե օրվա իշխանությունները խնդիր ունեն արագ ձերբազատվելու իրենից, և այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում, իր և ՍԴ-ի շուրջը, հիմնավորում է, որ խնդիրներն իրոք խորքային են։ «Ես սրա համար միայն ցավ եմ ապրում, որովհետև ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրը այս պարագայում երկրորդական-երրորդական է։ Շատ ավելի կարևոր է ինձ համար երկրի հեղինակությունը, երկրի վաղվա օրը։ Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունը այդքան արագ մսխել», - հավելեց Թովմասյանը։
Իրավապահները խուզարկությունն իրականացնում էին այն գործի շրջանակներում, որով Հրայր Թովմասյանը մեղադրյալ է։ ՀՔԾ-ն դեկտեմբերին նրան «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրել:
Ըստ դատախազության, քրեական գործը վերաբերում է Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում երկու դրվագով առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը: Իրավապահները պնդում են, որ Թովմասյանը «իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ» օգտագործելով 2 նոտարների իրենից ունեցած կախյալ վիճակը՝ 2013 թվականի հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: ՍԴ ներկայիս նախագահը այդ երկու նոտարներից յուրաքանչյուրից մինչև 2014-ի ապրիլը ամսական ստացել է 800 հազար դրամ վարձավճար՝ ընդհանուր 11 միլիոն 200 հազար դրամ: Սանիկը, որին հիշատակում է դատախազությունը, Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանն է։ Նրան ևս նույն մեղադրանքն է առաջադրվել:
Քրեական գործի երկրորդ դրվագով 2012-ի փետրվարին Թովմասյանը աշխատանքից ազատելու սպառնալիքով միջամտել է Նոտարական պալատի կառավարմանը և հարկադրել է պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը: Թովմասյանը մինչև վարձակալության պայմանագրի լուծումը նոտարական պալատից ստացել է ավելի քան 10 մլն դրամ վարձավճար, իսկ փաստացի Թովմասյանին պատկանող տարածքում նոտարական պալատի բյուջեից վերանորոգման համար ծախսվել է մոտ 2,5 մլն դրամ:
Թովմասյանն ասաց, որ իրավապահներն իր տանը փնտրում էին ինչ-որ սեփականության վկայականներ, սակայն ոչինչ չեն գտել և ոչինչ չեն առգրավվել։
Առավոտյան Թովմասյանի փաստաբանները պնդում էին, որ խուզարկությունը սկսվել և իրականացվել է իրավունքի խախտումներով, և որ իրենք, Հրայր Թովմասյանը բնակարանում խուզարկություն իրականացնելու թույլտվության վերաբերյալ դատարանի որոշմանը չեն ծանոթացել: Պաշտպաններին չի տրվել դատարանի որոշման պատճենը։ ՀՔԾ-ն, մինչդեռ, շտապեց հայտարարել, որ դա «ակնհայտ ապատեղեկատվություն է». «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը»։