«Ժողովուրդին» մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երեկվա նիստից, որին մասնակցել է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Երեկվա նիստն անցել է բավականին հանգիստ մթնոլորտում: Աշխատանքները տևել են երեքուկես ժամ, որի ժամանակ հիմնականում խոսել է Սեյրան Օհանյանը: Նա շատ համբերատար պատասխանել է քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին, սակայն մինչ այդ առանձնազրույց է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ-ում կայացած դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Օհանյանը հայտարարել է՝ այս հանձնաժողովի ստեղծումն ինքը հենց սկզբից էլ չի ողջունել, քանի որ ՊՆ-ի ներսում ուսումնասիրություններ իրականացվել են տարիներ առաջ, ու պարզվել են բոլոր հանգամանքները, ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները՝ հետևություններ անելով: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսել է իրենց հարցաշարը ներկայացնել Օհանյանին ու նշել, որ պետք է այդ հարցաշարի միջոցով հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունեցել ապրիլյան քառօրա պատերազմի օրերին: Սեյրան Օհանյանը շատ մանրամասն ներկայացրել է այն ամենը, ինչի մասին տեղյակ է եղել, և կարելի է ասել՝ հանձնաժողովականների ունեցած տվյալներն ու Օհանյանի ներկայացրածն իրարից չեն տարբերվել: