Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ըստ ՄԻԵԴ վճռի՝ Ադրբեջանը խախտել է 10 տարի առաջ մահացած Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը

Ըստ ՄԻԵԴ վճռի՝ Ադրբեջանը խախտել է 10 տարի առաջ մահացած Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը
30.01.2020 | 20:00

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում 10 տարի առաջ մահացած Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի ծնողների բողոքն ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցրել Սարիբեկյանների ընտանիքին վճարել 60.000 եվրո: Սարիբեկյանի ծնողներն Ադրբեջանից պահանջել էին 120.000 եվրո։ Այս բողոքում Հայաստանի կառավարությունը ճանաչվել է որպես երրորդ կողմ։ Ստրասբուրգի դատարանի պաշտոնական կայքէջում տեղադրված որոշման համաձայն՝ Ադրբեջանը խախտել է Սարիբեկյանի կյանքի իրավունքը։ Եվրոպական դատարանը փաստում է, որ ադրբեջանական կողմում հայտնվելուց հետո Գեղարքունիքի Թթուջուր գյուղի բնակիչը մահացել է բռնության հետևանքով, և որ ադրբեջանական կողմի պնդումները, թե նա կախվել է, ընդունելի չեն։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Մանվել Սարիբեկյանի մահվան համար։


Նրա մայրը՝ Սիրանույշ Բալյանը, փաստաբանից է տեղեկացել որոշման մասին, և այն, որ իրենք տարիներ շարունակ պնդում էին, որ որդին ինքնասպանություն չի գործել, հաստատվում է. «Ես Կարմիրում եմ, նոր եկա, ամուսինս ասաց, որ հաղորդեցին, համ էլ փաստաբանը զանգել էր, ասել, որ այսօր վերջին կետն է, կհրապարակեն: Դա լրիվ սուտ է, իրենք են սպանել»:
20-ամյա Մանվել Սարբեկյանը գերեվարվել էր 2010-ի սեպտեմբերին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդել էր, թե Մանվել Սարիբեկյանը հայ հետախույզ էր, գերեվարվել էր «Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան հատվածից հայկական ուժերի իրականացրած դիվերսիոն գործողության ընթացքում»:


Երիտասարդի ընտանիքը ՄԻԵԴ-ին դիմումում հայտնել է, որ Սարիբեկյանը սխալմամբ հատել է սահմանը մառախուղի պայմաններում, երբ փայտ և կորած անասուններին է փնտրելիս եղել, սակայն Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրել են մոտակա ադրբեջանական գյուղի դպրոցը պայթեցնելու ծրագրում ներգրավված լինելու մեջ: Նրան տարել են Բաքվում ռազմական ոստիկանության բաժին և պահել խցում, որտեղ էլ մահացած է հայտնաբերվել 2010-ի հոկտեմբերին: Ադրբեջանի իշխանությունները պնդել են, որ նա կախվել է: Հայաստանում դիակի փորձաքննությունը ցույց է տվել, որ նա վնասվածքներ է ունեցել վզին, գլխին և մարմնի այլ հատվածներին: Հայաստանի գլխավոր դատախազն իրավական օգնություն է խնդրել Ադրբեջանից, բայց Հայաստանի իշխանությունները պատասխան չեն ստացել: Ադրբեջանում իրականացված հետաքննությունը գտել է, որ Սարիբեկյանն ինքնասպանություն է գործել, նրան պահել են պատշաճ պայմաններում, և նա ձերբակալության ընթացքում բռնության չի ենթարկվել:


Երիտասարդի մարմնի վրա խոշտանգման հետքեր հայտնաբերելուց հետո Հայաստանի ոստիկանության Ճամբարակի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության հատկանիշներով: Իր դիրքորոշման մեջ Ստրասբուրգի դատարանը գրում է, որ հատկապես կոնֆլիկտային շրջաններում կողմերը պետք է պահպանեն մարդասիրական միջազգային իրավունքը։ Միևնույն ժամանակը դատարանը գրում է, որ ադրբեջանական կողմն այդպես էլ չի մեկնաբանել հայկական կողմի եզրահանգումը, որ դիակի վրա առկա են եղել բռնության հետքեր:

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ