Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Իրավական ուղի». ՍԴ նախագահի շուրջ հակաիրավական զարգացումները ներկայացնելու ենք միջազգային գործընկերներին

«Իրավական ուղի». ՍԴ նախագահի շուրջ հակաիրավական զարգացումները ներկայացնելու ենք միջազգային գործընկերներին
30.01.2020 | 20:02

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարել է. «2020-ի հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ «անհամաչափ ուժեղ հակահարված տալ» ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին` ի պատասխան վերջինիս հայտարարությանը՝ զրպարտության համար Ն.Փաշինյանին դատական պատասխանատվության կանչելու մտադրության մասին։ Դրան նախ հաջորդեց հայտնի «գրիչի պատմությունը», սակայն հանրության լայն զանգվածների կողմից «գրիչի փաստարկն» ընկալվեց որպես անտեղի, անհարիր ու անհիմն։ Դրանից անմիջապես հետո՝ հունվարի 29-ին, Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ընթացքում եթեր հեռարձակվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ ռեպորտաժ՝ պատրաստված բացառապես ՀՔԾ-ի տրամադրած նյութերի հիման վրա։ Հաջորդ օրը՝ հունվարի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշված ռեպորտաժով կիսվեց իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով հետևյալը․ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։ Նշված փաստերի հիման վրա՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունն արձանագրում է․


1.Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժն ուղիղ պատճառական կապի մեջ է Հրայր Թովմասյանին «անհամաչափ ուժեղ հակահարված տալու» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքի հետ։ Այդ «խոստումը» կատարվել է ՀՔԾ-ինժ և Հանրային հեռուստաընկերությանը ապօրինի հրահանգներ տալու և, հավանաբար, դրանց կատարումը համակարգելու միջոցով, ինչը, քրեաիրավական իմաստով, իշխանության չարաշահման դրսևորում է (ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդված)։


2.Հարկատուների միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր էր ներկայացնել բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվություն, մինչդեռ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով ռեպորտաժը ներկայացրել է բացառապես մեղադրական կողմի՝ Հատուկ քննչական ծառայության տրամադրած նյութերի հիման վրա՝ առանց պաշտպանական կողմի դիրքորոշումները ներկայացնելու։ Արդյունքում, Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեպորտաժով իսպառ դադարեցվել է գործել Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածի սկզբունքը, ինչը նաև լրագրողական էթիկայի կոպիտ խախտում է։


3․«Գրիչի պատմությունից» 3 օր անց ՀՔԾ-ն Հանրային հեռուստաընկերությանը տրամադրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքից մանրամասներ՝ այն դեպքում, երբ տվյալ գործով նախաքննությունը դեռևս չի ավարտվել։ Այսպիսով, խախտվել է «ՍԴ-ի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի «ՍԴ դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, այն է՝ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: ՀՔԾ իրավաբանական գիտելիքները կասկածի տակ չդնելով՝ ստիպված ենք արձանագրել, որ ՀՔԾ-ն գործում է բացառապես քաղաքական պատվերի և մեկ անձի ամբիցիաների բավարարման շրջանակում՝ այդպիսով վարկաբեկելով իրավապահ մարմինների հեղինակությունը և պրոֆեսիոնալիզմը։


4․Դեռևս 2019-ին հունիսի 24-ին մենք հայտարարել էինք, որ ՍԴ-ի նկատմամբ մի քանի օր առաջ սկսված ոտնձգությունը պարունակում է ՍԴ-ի իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հանցակազմի հատկանիշներ (ՀՀ քրեական օրենսգրքի 35-300 հոդված)։ Ստիպված ենք արձանագրել, որ իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը ոչ միայն չի դադարեցվել, այլև այսօր արդեն վերաճել է իշխանությունը յուրացնելու փորձի (ՀՀ քրեական օրենսգրքի 34-300 հոդված)։
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը շարունակելու է հետևողական լինել ՀՀ իրավական և ժողովրդավարական բնույթը պաշտպանելու հարցում։ Այդ նպատակով մենք շարունակելու ենք համագործակցությունը քաղաքացիական հասարակության առողջ կառույցների հետ, ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի շուրջ վերջին հակաիրավական զարգացումների վերաբերյալ նյութերը ներկայացնելու ենք միջազգային գործընկերներին»։

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ