ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել «ուհանյան» կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, հայտնում է Սպիտակ տունը: Խումբն ամենօրյա խորհրդակցություններ է անցկացնում հունվարի 27-ից, գլխավորում է առողջապահության նախարար Ալեքս Ազարը, նա աշխատանքը համակարգում է Ազգային անվտանգության խորհրդի հետ: Խմբի կազմում ընդգրկվել են Սպիտակ տան և կառավարության փորձագետներ, ներառյալ ինֆեկցիոն հիվանդությունների գծով երկրի առաջատար մասնագետները:
Այդ կառույցի խնդիրների թվում է՝ իրադրության մշտադիտարկման և վարակի տարածման կանխման միջոցառումների մշակումը, նաև բնակչությանը ժամանակին իրավիճակի մասին տեղեկացնելը: Սպիտակ տունը նշել է, որ ներկա դրությամբ «ԱՄՆ-ում վարակի տարածման ռիսկի մակարդակը ցածր է մնում»: