Փորձագետների խումբը հայտնաբերել է 1925-ին Բերմուդյան եռանկյունում անհետացած առեւտրային նավը՝ հայտնում է Fox News-ը: 1925-ի նոյեմբերի 29-ին շոգենավը դուրս է եկել Չառլսթոնի նավահանգստից (Հարավային Կարոլինայի նահանգ) եւ ուղեւորվել Կուբա, բայց այդպես էլ նշանակման վայր չի հասել։ Նավի 32 ուղեւորների մարմինները նույնպես չեն գտնվել։ Ստորջրյա հետազոտողների եւ ծովային հնագետների խումբը 2020-ին նավը հայտնաբերել է Սենթ Օգասթինի (Ֆլորիդայի նահանգ) ափից 65 կիլոմետր հեռավորության վրա։ 2018-ին Սաութհեմփթոնի համալսարանի հետազոտողները հայտարարել էին, որ պարզել են Բերմուդյան եռանկյունում նավերի անհետացման գաղտնիքը։ Գիտնականները հավաստիացնում են, որ նավերի զանգվածային կործանման պատճառը այս վայրում օվկիանոսային բարձր «մարդասպան ալիքներն» են։ Հետազոտողների կարծիքով՝ այդ ալիքները կարող են առաջանալ անսպասելի եւ ունենալ կործանարար ուժ, ինչի հետեւանքով անգամ ամենամեծ նավերը կարող են խորտակվել։