Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ Չինաստանից սկիզբ առած նոր կորոնավիրուսի պատճառով: Մահացել է արդեն 213 մարդ, վարակված են գրեթե 10 հազարը: «Մեր ամենամեծ մտահոգությունը վիրուսի տարածման հնարավորությունն է թույլ առողջապահական համակարգ ունեցող երկրներում, որ վատ են պատրաստված դրա դեմ պայքարելու համար», - ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Նա նշել է, որ դեռ չկա հիմնավոր պատճառ միջազգային ուղևորությունների և առևտրի սահմանափակման համար:
Երեկ Ռուսաստանը փակեց իր սահմանը Չինաստանի հետ Հեռավոր Արևելքում: Նախորդ օրը Ռոսպոտրեբնադզորը սկսեց օդանավակայաններում զննել Չինաստանից ժամանած ռուսաստանցի բոլոր զբոսաշրջիկներին: Ռուսաստանի համալսարաններում չինացի ուսանողների համար արձակուրդը կերկարաձգվի մինչև մարտի 1-ը: Չինաստանի հետ սահմանները փակել են Մոնղոլիան և Ղրղըզստանը: Հունվարի 29-ից Ղազախստանը դադարեցրել է ավտոբուսային երթևեկությունը Չինաստանի հետ, փետրվարի 1-ից կդադարեցնի ուղևորատար գնացքների տեղաշարժը, փետրվարի 3-ից՝ կանոնավոր ավիաչվերթները: