ՀՅԴ-ի դատական հայցն Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ կքննի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը։ ՀՅԴ-ականները Բաբաջանյանից պահանջում են ներողություն խնդրել ու զրպարտության համար փոխհատուցում վճարել՝ մեկ դրամ:
«Այսպիսի արտահայտություններ անում է Աժ պատգամավորը, որ օրենքով պարտավոր է նախ և առաջ իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերել: Երկրորդը՝ մի մարդ, որ նաև լրատվամիջոցի հիմնադիր է, երրորդ՝ հնչեցվում են արտահայտություններ ԱԺ ամբիոնից», - ասում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը: Դեկտեմբերի 6-ին Բաբաջանյանն Աժ ամբիոնից ՀՅԴ-ն անվանեց «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»: Արծվիկ Մինասյանն ընդգծում է՝ իրենց հայցով ուզում են Հայաստանում նախադեպ ստեղծել. «Որովհետև առ այս պահը մեզ հայտնի չէ որևէ դեպք, որևէ փաստ, որևէ իրավական ընթացակարգով անցած գործընթաց, որտեղ կուսակցությունն այսպիսի հայցադիմում է ներկայացնում»: Նա ուրախ կլինի՝ եթե Բաբաջանյանը դատարանում հիմնավորված խոսի ու փաստեր ներկայացնի: Նա համոզված է՝ ՀՅԴ-ն նիստերի ընթացքում բազմաթիվ հարցերի կանդրադառնա, որոնց մասին մինչ այս հարկ չեն համարել խոսել, և մանրամասներ կներկայացնի: «Այս ամենը նաև, վստահ եմ, որ առիթ կտա մեր հասարակության մեջ սուտն ու կեղծիքը, իրականությունը և երևակայական մոտեցումներն իրարից տարանջատել: 130-ամյա քաղաքական ուժն իր անցյալի և իր ապագայի համար երաշխավորված է», - նկատեց նա: