ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի աջակցության հույս ունի՝ հանրապետության տնտեսական վիճակի պահպանման գործում: «2019-ին փոխադարձ ապրանքաշրջանառությունը մոտենում է երկու միլիարդ դոլարի: 2020-ին այս դինամիկան կշարունակվի: Հայաստանում 2019-ին մեզ հաջողվեց ստեղծել տնտեսական լավ դինամիկա: 2019-ին տնտեսական աճը գրեթե 8 տոկոս էր: Հուսով եմ՝ ձեր կառավարությունը կաջակցի այն տնտեսական դինամիկային, որ կա Հայաստանում», - հայտարարել է Փաշինյանն Ալմաթիում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ: Նա ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միշտ էլ եղել են և կլինեն լավ հարաբերություններ:
«Մենք միշտ հնարավորություն ունենք մեր հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու: Վստահ եմ, որ ձեզ հետ համագործակցելով՝ կկարողանանք անել դա», - ասել է նա: Միշուստինը ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են դաշնակցային հարաբերություններով: «Ռուսաստանի կառավարության նոր կազմը տրամադրված է շարունակել կառուցողական հարաբերությունները և աշխատանքային կապերը մեր հայ գործընկերների հետ: Անհրաժեշտ է ամրապնդել ապրանքաշրջանառության աճի դրական միտումը և որոնել նոր հնարավորություններ ու համագործակցության նոր ուղղություններ», - ասել է ՌԴ վարչապետը: