Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով` Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ոչ այլ ինչ էր, եթե ոչ բանակցություն: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դրա մասին վկայում է հանդիպման տևողությունը` հունվարի 29-ին` 7, հունվարի 30-ին՝ 4 ժամ: «Ընթանում են բանակցություններ՝ կոնկրետ ինչ-որ փաստաթղթի շուրջ»,- ասաց նա` նշելով, որ ՀՀ իշխանությունները պետք է անկեղծ լինեն հայ ժողովրդի հետ և ասեն, թե ինչ փաստաթուղթ է դա: Իր համոզմամբ` բանակցությունները հիմա ընթանում են «Մադրիդյան սկզբունքների» շուրջ, սեղանին դեռ այդ փաստաթուղթն է: Նա տարօրինակ համարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրեն Սերժ Սարգսյանն է ժառանգություն թողել «Մադրիդյան սկզբունքները», իրենք հիմա բանակցային սեղանին դա չեն քննարկում:
«Հայաստանի վարչապետը հայտարարում է մի բան, արտգործնախարար Մնացականյանը հանդիպումներում անում է այլ բան: Նա վարում է բանակցություններ կոնկրետ փաստաթղթի շուրջ, և դա «Մադրիդյան սկզբունքներն» են: Նրա արածն ու Փաշինյանի ասածները միմյանց չեն համապատասխանում»,- ասաց նա` համարելով, որ Փաշինյանն իր հայտարարություններով թաքցնում է իրականությունը: Ստանիսլավ Տարասովի կարծիքով` երկարատև բանակցություններում անհնար է, որ քննարկվեն միայն հումանիտար հարցեր: Դա կարող էր ոչ ավելի, քան մեկ ժամ տևեր: «Որոշում են շարունակել մարդասիրական քայլերը, լրագրողների այցերը կազմակերպել, գերիներին ազատեն և այլն, դա կարող է մեկ ժամ տևել, ոչ ավելի: Մնացած ժամերին ի՞նչ է քննարկվում: Սա հարց է, որի պատասխանը Հայաստանի իշխանությունը պետք է տա ժողովրդին»,- ասաց նա: Տարասովը Նա թերահավատորեն է վերաբերվում վարչապետի հայտարարությանը, որ ինքը Հայաստանի այն միակ ղեկավարն է, որ թափանցիկ ներկայացնում է բանակցային գործընթացը, մատնանշեց` համանախագահների` վերջին հանդիպումից հետո արած հայտարարության մեջ այն մասը, ըստ որի, պետք է բանակցություններն ընթանան գաղտնիության սկզբունքի վրա: «Մնացականյանը բանակցություններում այլ բան է քննարկում, իսկ Փաշինյանը հրապարակային խոսում է այլ բանի մասին: Դա տարակուսանք է առաջացնում համանախագահների մոտ»,- նշեց նա: Ռուս քաղաքագետի խոսքով` կարելի է Ադրբեջանին շատ հարցերում քննադատել, բայց գոնե հասկանալի է, թե ինչ է նրա ուզածը: Հայկական կողմի դեպքում` դա բացահայտ չի ասվում: «Շատ կարևոր է հասկանալ, որ սա մի կոնյակի հարց չէ: Սա մի հարց է, որը վերաբերում է Հայաստանին, հայ ժողովրդին: Հայաստանի իշխանությունը պետք է բացեիբաց իր ժողովրդին հայտարարի, թե ինչի շուրջ է իրականում բանակցում»,- ասաց նա: