«Կոմերսանտը» անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացին և Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևի հանդիպմանը: Կիրիլ Կրիվոշեևը նշում է, որ երկօրյա բանակցությունների արդյունքում տարածվել է բավականին ընդհանրական հայտարարություն, որից ակնհայտ է հետևյալը՝ թեև հիմնական խնդիրները շարունակում են չլուծված մնալ, սակայն կողմերը մտադիր են շարունակել նախորդ տարի սկսված «փոքր քայլերը»: Խոսքը լրագրողների և հասարակական գործիչների փոխադարձ այցերի մասին է: Բացի այդ, և Երևանը, և Բաքուն ցանկանում են պահպանել նախորդ տարվա տեմպը, երբ երկու պետությունների ԱԳ նախարարները 5 հանդիպում են ունեցել: «Նոր սկսված տարում Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը արտասովոր երկար է տևել: Հունվարի 29-ին՝ ավելի քան 7 ժամ, իսկ հաջորդ օրը՝ ևս 4 ժամ: Բացի այդ, հիմնական բանակցությունների նախօրեին նախարարներից յուրաքանչյուրը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ»,- գրում է Կրիվոշեևը:
Սա չի կարելի ռեկորդ անվանել, քանի որ ԼՂ հակամարտության երկարատև բանակցային գործընթացի պատմության մեջ ավելի տևական բանակցություններ էլ են եղել, սակայն Բաքվում վերջին հանդիպումն անվանել են վերջին տարիների ընթացքում ամենաինտենսիվը: «Այնուհանդերձ՝ ակնարկը, որ այս հանդիպումն ինչ-որ բանով տարբերվել է նախորդներից, եղել է. հունվարի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Հենց զրույցի փաստը շատ բանի մասին է խոսում, քանի որ համանախագահող երկրների նախագահները հազվադեպ են ակտիվություն ցուցաբերում բանակցային գործընթացի ժամանակ»,- նկատում է հեղինակը:
Նշվում է, որ Մնացականյան-Մամեդյարով ժնևյան հանդիպումը տեղի է ունեցել արտգործնախարարների դեկտեմբերյան հանդիպումից երկու ամիս անց: Այն ժամանակ հանդիպումը կայացել էր Բրատիսլավայում. Մամեդյարովն այնտեղ էր մեկնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից անմիջապես հետո: Հենց Լավրովն է պնդում բանակցային գործընթացում «փոքր քայլերի»
սկզբունքով առաջնորդվելու կարևորությունը՝ բացատրելով, որ դա կարող է նվազեցնել լարվածության մակարդակն ու մոտեցնել հակամարտության լուծմանը:
«Նախորդ տարի արձանագրված համեստ, սակայն հոգեբանական տեսանկյունից էական հաջողություններին հնարավոր է եղել հասնել բանակցությունների ինտենսիվացման շնորհիվ. արտգործնախարարները հանդիպել են 5 անգամ: Այս տարի կողմերը մտադիր են պահպանել տեմպն ու պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել»,-եզրափակել է հեղինակը: