ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները խոր անհանգստություն են հայտնել վարչապետի գրասենյակի և ՍԴ միջև լարվածության կապակցությամբ։ «Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և ՍԴ նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից։ Վերահսկողությունն ու փոխզսպումը անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգվեն գործով և բառերով, ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ: Եթե նրանք չեն կարող համագործակցել այս սկզբունքների համաձայն, քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք այն երկարաժամկետ վնասով, որը կարող է բերել վստահության ցածր մակարդակ ունեցող դատական համակարգին այն լարվածությունը, որը հասել է աննախադեպ մակարդակի», - ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։ Փաստաթղթի համաձայն, կառավարությունն ու Հայաստանի խորհրդարանը մինչ այժմ հետևել են իրավիճակի լուծման իրավական ընթացակարգերին: «Ավելին, իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի կարծիքն են հայցել ՍԴ դատավորների վաղաժամկետ թոշակի մեխանիզմի վերաբերյալ: Համաձայն եվրոպական ստանդարտների՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղաժամկետ կենսաթոշակը պետք է լինի խիստ կամավոր և պետք է հարգվի այդ սկզբունքը: Որպես համազեկուցողներ, մենք ուշադիր հետևելու ենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս սկզբունքին համապատասխան, նույնիսկ եթե իրականում թվում է, որ այս մեխանիզմի նպատակը, որը 2015-ի Սահմանադրության փոփոխությունների ոգու ապահովումն է, համարվում է ճիշտ», - նշել են համազեկուցողները:
ԵԽԽՎ համազեկուցողները նաև հայտարարել են, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ գործողություններից և հայտարարություններից, որ կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում: «Բացի այդ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը: Ի վերջո, այս լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում բարեփոխումների անհրաժեշտությունը, լինեն նախապատրաստվող, կամ արդեն սկսված, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Եվրոպայի Խորհրդի համար», - ասված է ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության մեջ: