ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հանգամանքներին, ասաց, որ հավատալու կամ չհավատալու խնդիր չկա, մինչև չապացուցվի, որ եղել է ինքնասպանություն, որևէ մեկը որևիցե մեկնաբանություն անելու իրավունք չունի։ ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում մահացած N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի դին հարազատները, ի նշան բողոքի, ոտքով բերում էին Երևան: «Հիմա ցանկացած իմ ասած դառնալու է շահարկում, ես դեռևս ոչ մի ապացույց չունեմ, որ եղել է ինքնասպանություն և ես այդ մասին ծնողներին ասել եմ: Հանգամանքները պարզվելու են, 3 ձերբակալված կա:
Ընդ որում` ձերբակալվածներից մեկը այն անձնավորության երեխան է, որի մասին շատ է խոսվում` Առաքել Մովսիսյանի: Երեքն էլ համածառայակից են, որոնց միջև եղել է ինչ-որ հարաբերությունների սրում, որը բերել է սրան: Թե ինչ է եղել արդյունքում, քրեական գործի շրջանակներում կպարզվի, ինչպես պարզվում են նախկին դեպքերը, ամեն ինչ պարզվում է»– Արմավիր–Երևան մայրուղու վրա News.am-ի հետ զրույցում ասաց նախարարը։ Զոհված զինծառայողի հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպանություն է գործել. նշում են, որ դեռ չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքները և, ինքնասպանություն որակելով դեպքը, իշխանությունները ցանկանում են կոծկել սպանությունը։ Ավագյանի հարազատները հրաժարվում են հուղարկավորել նրա դին, մինչև չպարզվեն բոլոր հանգամանքները։
«Բոլորիս թասիբի խնդիրն է»,- հարազատների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը և նշեց, որ ամեն ինչ կկարգավորվի: «Ես դրա համար եմ, որ կարգավորվի»,-ասաց նա: Դավիթ Տոնոյանը նշեց, որ ինչ որ հայտնի է նախաքննության մարմիններին, իրեն էլ է հայտնի: Նա խնդրում էր, որ որոշում կայացնողների հետ ունենա առանձնազրույց և հետո բոլորի ներկայությամբ կխոսի: Սկզբում, թեև զոհվածի հայրը ցանկանում էր, որ բոլորի ներկայությամբ խոսի նախարարը, սակայն այնուհետև նրանք առանձնացան, որպեսզի զրուցեն: