Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը կնվիրվի Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը կնվիրվի Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին
03.02.2020 | 13:07

Փետրվարի 8-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ալեքսանդր Հարությունյանը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է։ Նրա բազմաժանր ստեղծագործությունները՝ կոնցերտներ‚ օպերա‚ սիմֆոնիկ պոեմներ‚ սյուիտներ և այլն‚ բազմիցս հնչել են թե՜ Հայաստանում‚ թե՜ նրա սահմաններից դուրս։ Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը համարվում է փողային այս գործիքի համար երբևէ գրված լավագույն կոնցերտներից մեկը։ Այն ներառված է աշխարհի լավագույն շեփորահարների երկացանկում։ Այս կոնցերտը «Նյու Յորք թայմսը» անվանել է հնչեղ ստեղծագործություն։


Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում անցկացվելիք երեք սիմֆոնիկ և մեկ կամերային համերգների ընթացքում կհնչեն ինչպես Ալեքսանդր Հարությունյանի‚ այնպես էլ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Փետրվարի 8-ին՝ փառատոնի բացման երեկոյին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ կկատարեն Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Հետագա համերգների ընթացքում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի‚ Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտները։ Ջութակի կոնցերտը կներկայացնի հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը, իսկ Շեփորի կոնցերտը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար, միջազգային մրցույթի դափնեկիր Հայկ Գուրգենյանը։ Փառատոնը կեզրափակվի փետրվարի 25-ին։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հիմնական առաքելությունը հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հանրահռչակելն է: Անցած տարիներին փառատոնի շրջանակներում նաև ծավալուն երաժշտագիտական աշխատանք է կատարվել. թվայնացվել են մի քանի տասնյակ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են հարյուրավոր ստեղծագործություններ, առաջին անգամ կատարվել հայ կոմպոզիտորների 150-ից ավելի գործեր: Այս տարվա փառատոնի ընթացքում թվայնացվելու են Ալեքսանդր Հարությունյանի, ինչպես նաև այլ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ հնարավորություն ընձեռելով հնչեցնել դրանք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ