Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գոռ Հովհաննիսյան, Սա պետական ինքնասպանություն է

Գոռ Հովհաննիսյան, Սա պետական ինքնասպանություն է
03.02.2020 | 13:16

Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է. «Ինչո՞ւ է պարտադիր միջազգային պայմանագրերի և Սահմանադրության փոփոխությունների նախնական սահմանադրական վերահսկողությունը (անգամ եթե դա Սահմանադրության մեջ բառացիորեն նշված չլիներ)


1. Միջազգային պայմանագրերի մասով
Եթե պետությունը վավերացնի միջազգային պայմանագիրը՝ առանց նախապես դրանով ստանձնած պարտավորությունների սահմանադրականությունը ՍԴ-ի կողմից ստուգվելու, դրանց հակասահմանադրականության դեպքում կկանգնի հետևյալ լուրջ պրոբլեմի առաջ. միջազգային իրավունքում պետությունն իրավունք չունի հրաժարվել միջազգային իրավական պարտավորությունների կատարումից՝ վկայակոչելով դրանց հակադրվող ազգային իրավունքը։ Հրաժարվելու դեպքում կենթարկվի միջազգային իրավական սանկցիաների։ Պետությունը կհայտնվի անելանելի վիճակում. կամ պիտի կատարի իր միջազգային պարտավորությունները և դրանով անխուսափելիորեն խախտի Սահմանադրությունը, կամ հարգի Սահմանադրությունը և ենթարկվի միջազգային իրավական սանկցիաների։ Նման հիմար վիճակում չհայտնվելու համար պետք է ուղղակի նախապես դիմել ՍԴ։
Համեմատություն գերմանական իրավունքի հետ. գերմանական սահմանադրական իրավունքում գոյություն չունի իրավանորմերի նախնական վերահսկողություն։ Բայց Գերմանիայի Դաշնային ՍԴ-ն օրենքով որևէ տեղ չնախատեսված բացառություն է անում միջազգային պայմանագրերի համար վերևում նշված անելանելի հիմար վիճակից խուսափելու համար։


2. Սահմանադրության փոփոխությունների մասով
Երբ օրենսդիրն օրենք է փոփոխում, նա կաշկանդված է Սահմանադրությամբ։ Օրենքի ցանկացած փոփոխություն, որ հակասում է Սահմանադրությանը, անվավեր է (սա գիտեն բոլորը)։ Սահմանադրությունը փոփոխելիս առաջին հայացքից կարծես ոչնչով կաշկանդված չենք, ախր հենց Սահմանադրությունն ենք փոփոխում. Սահմանադրությունից բարձր ուրիշ ակտ չկա երկրում։ Բայց դա միայն առաջին հայացքից է այդպես։ Սահմանադրության փոփոխությունները նույնպես սահմաններ ունեն, ամեն ինչ չի կարելի փոխել Սահմանադրության մեջ։ Եվ այդ սահմանները գծում են Սահմանադրության անփոփոխելի դրույթները։ Դրանք ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան Սահմանադրության մյուս նորմերը։ Հետևաբար, Սահմանադրության փոփոխությունները, որոնք հակասում են այդ անփոփոխելի դրույթներին, նույնպես անվավեր են։
Եթե պետությունը փոփոխի Սահմանադրությունն առանց ՍԴ-ում նախապես ստուգել տալու այդ փոփոխությունների սահմանադրականությունը (էս դեպքում համապատասխանությունը միայն անփոփոխելի դրույթներին), այդ փոփոխությունների հակասահմանադրականության դեպքում կրկին կհայտնվի վերին աստիճանի հիմար վիճակում։
Այդ հակասահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից կդառնան գործող սահմանադրական իրավունք, որոնցով կաշկանդված կլինեն բոլոր պետական մարմինները։ Արդյունքում` կունենանք հակասահմանադրական սահմանադրական իրավունք: Պետական մարմիններն ստիպված են լինելու կիրառել այդ հակասահմանադրական սահմանադրական նորմերը՝ խախտելով Սահմանադրության անփոփոխելի դրույթները, որոնք կազմում են մեր պետության ողնաշարը։ Հետևաբար, չկա պետության ողնաշարը կոտրելու ավելի կարճ ճանապարհ, քան Սահմանադրությունը փոխելն առանց այդ փոփոխությունների սահմանադրականությունը նախապես ստուգելու։


Ավելին, հնարավոր չի լինի ազատվել այդ հակասահմանադրական սահմանադրական դրույթներից նաև հետագա վերահսկողության միջոցով։ Նախ՝ գոյություն չունի գործող սահմանադրական նորմերի սահմանադրականության ստուգման վարույթ։ Երկրորդ՝ քանի որ ՍԴ-ն ինքը կաշկանդված է Սահմանադրությամբ, չի կարողանա հակասահմանադրական ու անվավեր ճանաչել այն նորմերը, որոնցով ինքը կաշկանդված է։ Արդյունքը՝ պետական ինքնասպանություն։ Ո՞րն է այս ամենի տրամաբանական հետևությունը. ոչ մի նշանակություն չունի, թե Սահմանադրությունը պահանջում է նախնական վերահսկողություն, թե ոչ, դա պարտադիր է` նախ, ըստ տարրական տրամաբանության և հետո` պետական անվտանգության շահերից ելնելով: Մաղթում եմ Ձեզ ուրախ ժամանց Սահմանադրության հետ վտանգավոր խաղերում»։

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ