ԱԺ-ից տեղեկատվություն էինք պահանջել հաստիքացուցակի և պարգևավճարների մասով: Գրեթե երկու ամիս հետո պատասխան է ստացվել, որ անձնական տվյալները ենթակա չեն հրապարակման, ասաց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը՝ անդրադառնալով իր՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, ԱԺ-ի, Երևանի քաղաքապետարանի դեմ ներկայացված դատական հայցերին: «Խալի լվանալը բրենդավորած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թերանում է իր աշխատանքում: Դրա փոխարեն կարողանում է իրեն 3 միլիոն դրամով պարգևատրել», - ասաց նա:
Նույնաբովանդակ հարցում ուղարկվել է նաև Երևանի քաղաքապետարան՝ միաժամանակ խնդրելով տրամադրել «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրի օրինակը: Քաղաքապետարանից պատասխանել են, որ նպատակահարմար չեն գտնում տրամադրել: «Այս դատական գործով առաջին նիստն արդեն տեղի է ունեցել: Նրանք նույնիսկ ներկա չէին: Այս մարդիկ մինչև հիմա հետևություններ չեն արել: Հիմա տեսնենք՝ երբ է լինելու երկրորդ դատական նիստը: Դրա մասին լրացուցիչ կտեղեկացնեմ», - նշեց Բաբկեն Հարությունյանը: